ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1972 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԲԵՌՆԱՐԿՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 14 փետրվարի 2006թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ.Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Ա.Մանուկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1972 թվականի դեկտեմբերի 2-ին Ժնեւում ստորագրված՝ «Բեռնարկղերի մասին» մաքսային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Կոնվենցիան կնքվել է բեռնարկղերով միջազգային փոխադրումները դյուրացնելու նպատակով՝ նախատեսելով համապատասխան տեղեկատվությամբ բեռնարկղերի դրոշմավորում եւ տեխնիկական որոշակի պայմաններով ու մաքսային կնիքներով կնքված՝ դրանց միջազգային փոխադրումների իրականացում, ներքին (ներպետական) առավել արդյունավետ փոխադրում կամ օգտագործում:

Կոնվենցիայի բաղկացուցիչ մասը կազմող թվով 7 հավելվածներում մանրամասնված են բեռնարկղերի փոխադրումը դյուրացնելու վերոհիշյալ միջոցների կիրառման ընթացակարգերը:

2. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստաձնում է հետեւյալ հիմնական պարտավորությունները.

- կոնվենցիայի 4-9 հոդվածներում նախատեսված պայմաններով բեռնարկղերին տրամադրել ժամանակավոր ընդունում, անկախ այն բանից՝ դրանք բեռնված են, թե՝ ոչ,

- չխախտելով կոնվենցիայի 7 եւ 8 հոդվածների դրույթները, ժամանակավորապես ներմուծված բեռնարկղերին՝ դրանց ներմուծման եւ արտահանման ժամանակ շնորհել ժամանակավոր ընդունման ռեժիմ,

- թույլ տալ բեռների ներքին (ներպետական) փոխադրումների համար օգտագործել այն բեռնարկղերը, որոնք կոնվենցիային համապատասխան ստացել են ժամանակավոր ընդունման ռեժիմ՝ ներպետական այն կանոնակարգերի պահպանմամբ, որոնք վերաբերում են բեռնարկղերը քարշակող կամ փոխադրող տրանսպորտային միջոցներին,

- ժամանակավոր ընդունման ռեժիմ տրամադրել նաեւ բոլոր այն բաղադրամասերին, որոնք նախատեսված են այդպիսի ռեժիմ ստացած բեռնարկղերի վերանորոգման համար,

- ժամանակավոր ընդունման ռեժիմ տրամադրել, կիրառելով կոնվենցիայի 3 հոդվածի 2-րդ կետի, 4, 5, 6, 7 եւ 8 հոդվածների դրույթները, ժամանակավորապես ընդունված բեռնարկղերի հարմարանքներին ու սարքավորումներին, որոնք ներմուծվում են բեռնարկղերի հետ միասին՝ առանձին կամ այլ բեռնարկղերի հետ վերարտահանվելու համար, կամ ներմուծվում են առանձին՝ բեռնարկղերի հետ վերարտահանվելու համար,

- ընդունել փոխադրումների համար թույլատրված եւ որեւէ Պայմանավորվող կողմի մաքսային կնիքներով ամրակայված բեռնարկղը՝ նման կնիք նախատեսող ցանկացած միջազգային փոխադրման համակարգի համար,

- համապատասխան պահանջի առկայության դեպքում տրամադրել կոնվենցիայի դրույթների կիրառման համար անհրաժեշտ տեղեկատվություն, եւ առավել մանրամասն տեղեկատվություն՝ բեռնարկղերի թույլատրման եւ դրանց կառուցվածքի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ:

3. Կոնվենցիայի մի շարք նորմերով նախատեսված են Պայմանավորվող կողմերի միջեւ հնարավոր վեճերի կարգավորման, կոնվենցիայի ուժի մեջ մտնելու, գործողությունը դադարելու, դրանում վերապահումներ կատարելու եւ այլ ընթացակարգեր:

4. Կոնվենցիայում ամրագրված պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին, քանի որ պայմաններ են ապահովում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. «Բեռնարկղերի մասին» մաքսային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

14 փետրվարի 2006 թվականի
ՍԴՈ - 619

print page Տպել էջը