ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ ԿԱԶԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 3 մարտի 2006թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2005 թվականի օգոստոսի 26-ին Կազանում ստորագրված՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա միջպետական համաձայնագիրն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կողմից ստորագրվել է 2005թ. օգոստոսի 26-ին, Կազանում՝ ԱՊՀ երկրների տնտեսական եւ սոցիալական առաջընթացը, քաղաքացիական համերաշխությունը եւ ազգամիջյան համաձայնությունն ապահովելու նպատակով։

2. Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են ձեռնարկել համաձայնեցված միջոցներ՝ հումանիտար համագործակցության հետագա զարգացման համար։

Համաձայնագիրը սահմանում է այն միջոցները, որոնք Կողմերը պետք է ձեռնարկեն ազգային մշակույթների փոխհարստացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու, կրթության, սպորտի եւ զբոսաշրջության բնագավառներում համագործակցությունը զարգացնելու, գիտության եւ տեխնոլոգիաների առաջնային ուղղությունների զարգացման համար գիտական համագործակցությանը պետական աջակցություն ցուցաբերելու, ԱՊՀ ընդհանուր տեղեկատվական դաշտ ձեւավորելու նպատակով։

3. Կողմերը հումանիտար ոլորտում աշխատանքները համակարգելու նպատակով իրենց ներկայացուցիչներից ստեղծում են Հումանիտար համագործակցության խորհուրդ (ՀՀԽ), որը կոչված է քննարկելու հայեցակարգային հարցեր, որոշելու համագործակցության առաջնային ուղղությունները եւ ձեւերը, Կողմերին ներկայացնելու հումանիտար ոլորտում կոնկրետ խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ։

ՀՀԽ-ի գործունեությունը կանոնակարգվում է Կողմերի առանձին համաձայնագրով հաստատվող կարգով։

Համաձայնագրով նախատեսված ծրագրերի եւ նախագծերի ֆինանսավորումը կիրականացվի համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա։

4. Հայաստանի Հանրապետությունը համաձայնագիրն ստորագրել է վերապահմամբ։ Սահմանադրական դատարանն ի գիտություն ընդունեց ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը վերապահման՝ իրավական առումով հետագա հստակեցման մտադրության մասին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2005թ. օգոստոսի 26-ին Կազանում ստորագրված՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

3 մարտի 2006 թվականի
ՍԴՈ - 622

print page Տպել էջը