ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 24 մարտի 2006թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1999 թվականի հոկտեմբերի 6-ին Նյու Յորքում ստորագրված՝ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կամընտիր արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունն ստորագրվել է 1999թ. հոկտեմբերի 6-ին՝ Նյու Յորքում։ Արձանագրության նպատակն է Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի /այսուհետ՝ Կոմիտե/ եւ Մասնակից պետությունների միջեւ արդյունավետ համագործակցության ապահովումը՝ կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման համար։

Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը միացել է 1993 թվականի հունիսի 9-ին։

2. «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետեւյալ պարտավորությունները.

- ընդունել Կոմիտեի իրավասությունը՝ ընդունելու եւ քննարկելու Մասնակից պետության իրավազորության ներքո գտնվող անհատների կամ անհատների խմբերի կողմից կամ նրանց անունից ներկայացված հաղորդագրությունները՝ Մասնակից պետության կողմից Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայում նշված իրենց իրավունքների ոտնահարման վերաբերյալ,

- Արձանագրության 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերում 6 ամսվա ընթացքում գրավոր բացատրություններ կամ հայտարարություններ ներկայացնել Կոմիտեին՝ պարզաբանելով խնդիրը եւ դրան տրված լուծումները, եթե այդպիսիք եղել են,

- Արձանագրության 7-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ուսումնասիրել Կոմիտեի տեսակետներն ու առաջարկությունները եւ 6 ամսվա ընթացքում գրավոր պատասխան ուղարկել,

- Արձանագրության 8-րդ հոդվածով նախատեսված դեպքերում 6 ամսվա ընթացքում իր դիտարկումները ներկայացնել Կոմիտեին,

- ձեռնարկել բոլոր համապատասխան քայլերը, որպեսզի երաշխավորի, որ իր իրավասության ներքո գտնվող ոչ մի անձ չենթարկվի վատ վերաբերմունքի կամ ահաբեկման՝ Արձանագրության համաձայն հաղորդագրություն ուղարկելու պատճառով,

- հանրությանը ծանոթացնել եւ հասարակական հնչեղություն տալ Կոնվենցիային ու Արձանագրությանը, դյուրացնել իրեն վերաբերող հարցերում Կոմիտեի տեսակետների ու առաջարկությունների մատչելիությունը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1999 թվականի հոկտեմբերի 6-ին Նյու Յորքում ստորագրված՝ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

24 մարտի 2006 թվականի
ՍԴՈ - 625

print page Տպել էջը