ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 11 ապրիլի 2006թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «2005 թվականի հունիսի 23-ին Մոսկվայում ստորագրված՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համար զինվորական կադրերի պատրաստման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2005թ. հունիսի 23-ին՝ Մոսկվայում։

Համաձայնագրի նպատակն անդամակցող պետությունների զինված ուժերի, այլ զորքերի եւ զինվորական կազմավորումների համար զինվորական կադրերի պատրաստման միասնական համակարգի կազմավորումն ու զարգացումն է։

2. Համաձայնագրով գաղտնի տեղեկությունների հետ կապված հարցերը պետք է լուծվեն 2004թ. հունիսի 18-ին կնքված՝ «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պահպանության փոխադարձ ապահովման մասին» համաձայնագրին համապատասխան (ՀՀ-ն վավերացրել է 24.05.2005թ.)։

3. Համաձայնագրով Կողմերը, մասնավորապես, պարտավորվում են.

- զինվորական կադրերի պատրաստումը եւ ուսումնական գործընթացի մեթոդական ապահովումն իրականացնել ռուսերենով,

- ուղարկող Կողմի զինծառայողների կեցությունը կազմակերպել յուրաքանչյուրն իր սահմանած պայմաններով եւ կարգով,

- արտոնյալ կարգով զինվորական կադրերի պատրաստումն իրականացնել յուրաքանչյուրն իր միջոցների հաշվին, իսկ կեցության ծախսերը՝ ուղարկող Կողմի հաշվին,

- անհատույց կարգով զինվորական կադրերի պատրաստման դեպքում ուսուցման եւ կեցության ծախսերն իրականացնել յուրաքանչյուրն իր միջոցների հաշվին,

- ուսուցման հայտերն ընդունող Կողմին ուղարկել համաձայնագրով սահմանված ժամկետում,

- որպես ուղարկող Կողմ անցկացնել թեկնածուների ընտրությունն ու նրանց բժշկական ստուգումը,

- փոխադարձաբար ճանաչել զինվորական ուսումնական հաստատությունների ավարտական եւ գիտական աստիճանների շնորհման մասին փաստաթղթերի համարժեքությունը,

- փոխադարձաբար օժանդակել ազգային զինվորական ուսումնական հաստատությունների զարգացմանը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2005 թվականի հունիսի 23-ին Մոսկվայում ստորագրված՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համար զինվորական կադրերի պատրաստման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

11 ապրիլի 2006 թվականի
ՍԴՈ - 629

print page Տպել էջը