ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2005-2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 16 մայիսի 2006թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2006 թվականի մարտի 3-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2005-2006 թվականների ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2006 թվականի մարտի 3-ին Երեւանում՝ Կողմերի միջեւ բարեկամական հարաբերությունները գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով ամրապնդելու ու խորացնելու եւ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով:

2. Համաձայնագրով ԳԴՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուներին հնարավորություն է ընձեռում մինչեւ 2013թ. դեկտեմբերի 31-ը Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (այսուհետ՝ Բանկ) ստանալ.

1) մինչեւ 8 մլն եվրո գումարի վարկ՝ հետեւյալ ծրագրերի համար.

ա) «Հիպոթեքային շուկայի զարգացում» ծրագրին՝ 6 մլն եվրոյի չափով գումար,

բ) ի հավելումն «Համայնքային ենթակառուցվածքներ I» ծրագրի՝ 2 մլն եվրոյի չափով գումար (այս ծրագրի վարկը կարող է վերածվել դրամաշնորհի, եթե կատարված լինեն անհրաժեշտ նախադրյալներն ու հիմնարար պայմանները).

2) մինչեւ 1 մլն եվրո գումարի ֆինանսական օժանդակություն՝ «Հիպոթեքային շուկայի զարգացում» ծրագրի օժանդակ միջոցառումների համար (սրա ստացման ժամկետը լրանում է 2011թ. դեկտեմբերի 31-ին), այդ թվում՝

ա) 500 հազ. եվրո՝ Գերմանա-հայկական հիմնադրամի աջակցմանն ուղղված ուսումնավերապատրաստական ծրագրին, եւ

բ) 500 հազ. եվրո՝ Հիպոթեքային շուկայի զարգացման աջակցմանն ուղղված ուսումնավերապատրաստական ծրագրին.

3) ի հավելումն «Ուսումնասիրությունների եւ մասնագետների հիմնադրամ III» ծրագրի՝ մինչեւ 400 հազ. եվրոյի չափով գումար:

3. Համաձայնագրով նախատեսվում է, որ միջկառավարական բանակցությունների հիման վրա 1 մլն 700 հազ. եվրոյի չափով գումար ուղղվելու է «Համայնքային ենթակառուցվածքներ II» ծրագրի աջակցմանն ուղղված ուսումնավերապատրաստական ծրագրին:

4. Ուսումնավերապատրաստական ծրագրերում ներգրավված փորձագետների համար գործելու են ինչպես սույն համաձայնագրի, այնպես էլ ԳԴՀ կառավարության եւ ՀՀ կառավարության միջեւ 1998թ. հուլիսի 27-ին կնքված Տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի պայմանները:

5. Ըստ համաձայնագրի՝ ֆինանսական օժանդակություն ստանալու հնարավորությունը կարող է իրացվել, եթե հաստատվել է նշված ծրագրերի աջակցման նպատակահարմարությունը, հակառակ դեպքում ՀՀ կառավարությանը հնարավորություն է ընձեռվում Բանկից ստանալ ֆինանսական օժանդակության չափին համարժեք վարկ:

Ֆինանսական օժանդակության միջոցները կփոխակերպվեն վարկի նաեւ այն դեպքում, եթե դրանք չօգտագործվեն ըստ նպատակի, կամ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ փոխարինվեն այլ ծրագրերով, բացառությամբ համաձայնագրով նախատեսված ոլորտներին առնչվող ծրագրերի:

6. Գումարների օգտագործումը, դրանց հատկացման պայմանները, ինչպես նաեւ հանձնարարականների բաժանման կարգը սահմանվում են Բանկի եւ վարկառուների միջեւ կնքվելիք պայմանագրերով, որոնք հիմնված են ԳԴՀ-ում գործող իրավական նորմերի վրա:

7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է.

- եթե վարկառուն ՀՀ կառավարությունը չէ, ապա վերջինս երաշխավորում է Բանկի օգտին վճարումները եվրոյով՝ համաձայն կնքվելիք պայմանագրերով վարկառուների ստանձնած պարտավորությունների, ինչպես նաեւ պարտքի վերադարձման պահանջները,

- համաձայնագրի շրջանակներում Բանկին եւ նրա կողմից ֆինանսավորվող ֆիրմաների եւ մասնագետների առաքումներն ու ծառայությունների մատուցումը ազատել բոլոր հարկերից եւ տուրքերից,

- ապահովել ԳԴՀ փոխադրող ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը ֆինանսական օժանդակությունների կամ վարկերի տրամադրումից բխող փոխադրումների իրականացմանը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, այդ ձեռնարկություններին տալ արտոնող թույլտվություններ:

8. Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Գերմանական կողմին ծանուցելու օրվանից:

9. Համաձայնագիրը կնքված է երկու բնօրինակով՝ հայերեն եւ գերմաներեն, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են:

10. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ բխում են միջպետական հարաբերությունների հաստատման եւ զարգացման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2006 թվականի մարտի 3-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2005-2006 թվականների ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

16 մայիսի 2006 թվականի
ՍԴՈ - 633

print page Տպել էջը