ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՐԳՅՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 280 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 100 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 10 հոկտեմբերի 2006թ .

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ դիմող՝ քաղ. Ս. Հակոբյանի եւ պատասխանող կողմի ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետի, 101 հոդվածի 6 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25 եւ 69 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Սարգյուլ Հակոբյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280 հոդվածի 1-ին մասի եւ ՀՀ հողային օրենսգրքի 100 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացի Ս. Հակոբյանի դիմումն է սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով գործի նյութերը, սույն գործով զեկուցողի հաղորդումը եւ կողմերի բացատրությունները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն (ՔՕ) ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ 1998 թվականի մայիսի 5-ին։ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից այն ստորագրվել է 1998թ. հուլիսի 28-ին եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի համաձայն ուժի մեջ է մտել 1999թ. հունվարի 1-ից։

ՀՀ հողային օրենսգիրքն (ՀՕ) ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ 2001 թվականի մայիսի 5-ին։ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է 2001 թվականի հունիսի 4-ին եւ ուժի մեջ է մտել 2001 թվականի հունիսի 15-ից։

ՔՕ 280 հոդվածը վերնագրված է՝ «Սեփականության իրավունքից հրաժարվելը»։ ՔՕ 280 հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«1. Քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից՝ այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից եւ տնօրինումից նրա մեկուսացման մասին՝ առանց այդ գույքի նկատմամբ որեւէ իրավունք պահպանելու մտադրության»։

ՀՕ 100 հոդվածը վերնագրված է՝ «Հողամասերի նկատմամբ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքների դադարման հիմքերը»։ ՀՕ 100 հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է. «Հողամասերի նկատմամբ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքները դադարում են.

ա) հողամասից կամովին հրաժարվելու դեպքում [...]»։

2. Վիճարկելով ՔՕ 280 հոդվածի 1-ին մասի եւ ՀՕ 100 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանադրականությունը, դիմողը գտնում է, որ «...դրանք հակասում են ՀՀ Սահմանադրության 3 հոդվածին, 8 հոդվածի 1-ին պարբերությանը, 31 հոդվածի 2-րդ պարբերությանը» եւ իր դիրքորոշումները հիմնավորում է հետեւյալով.

ա/ ՔՕ եւ ՀՕ վիճարկվող դրույթները չեն համապատասխանում իրավական որոշակիության պահանջներին, քանի որ չեն սահմանում գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու եւ այդ հիմքով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման բավարար հստակ ձեւակերպված ընթացակարգ,

բ/ ՔՕ եւ ՀՕ վիճարկվող դրույթները չեն հստակեցնում գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու մասին գրավոր հայտարարության, գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու մասին ակնհայտորեն վկայող գործողությունների, գույքից կամովին հրաժարվելու բովանդակությունը, չեն սահմանում գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու դեպքերում սեփականության իրավունքի դադարման հստակ ձեւակերպված ընթացակարգ, ինչպիսի պարագայում դատական մարմինները վիճարկվող դրույթներին տվել են կամայական մեկնաբանություն՝ գույքից հրաժարվելու մասին գրավոր հայտարարություն կամ գույքից հրաժարվելու մասին ակնհայտորեն վկայող գործողություններ, կամ գույքից կամովին հրաժարում դիտարկելով չլիազորված անձի կողմից սեփականատիրոջ անունից, նրա անտեղյակության պայմաններում օրենքի խախտմամբ գրված, անստորագիր հայտարարությունը,

գ/ ՔՕ եւ ՀՕ վիճարկվող դրույթները չեն ապահովում սեփականության իրավունքի ճանաչման եւ պաշտպանության արդյունավետ երաշխիքներ։

Դիմողն իր դիրքորոշումների հիմնավորման համար վկայակոչում է նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի 2006թ. ապրիլի 18-ի թիվ 630 որոշման 11-րդ կետի 6-րդ պարբերության դրույթները, որոնց համաձայն՝ «...օրենքը պետք է համապատասխանի ... Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն՝ ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը»։

Սահմանադրական դատարանի նշված դիրքորոշման հիման վրա դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները, «...որոնք նախատեսել են սեփականությունից զրկելու դեպքեր...», չեն կարող ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի 2-րդ պարբերության իմաստով դիտարկվել որպես օրենք։

3. Պատասխանող կողմը, առարկելով դիմող կողմի փաստարկների դեմ, նշում է, որ գույքից հրաժարվելու մասին գրավոր հայտարարությանը վերաբերող հստակ ընթացակարգ գոյություն է ունեցել ինչպես 1997թ. գործող, այնպես էլ ներկայումս գործող օրենսդրությամբ։ Այսպես, «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ գանգատները քննարկելու կարգի մասին» 1990թ. դեկտեմբերի 4-ի ՀՀ օրենքի 2-րդ կետը սահմանում է. «Քաղաքացու գրավոր դիմումը պետք է ստորագրված լինի, նշելով ազգանունը, անունը, հայրանունը եւ առաջարկության, դիմումի կամ գանգատի էության շարադրանքից բացի, նաեւ տվյալներ բովանդակի նրա բնակության կամ աշխատանքի կամ ուսման վայրի մասին»։ Հայտարարությունը նույնպես դիմում է, հետեւաբար, դրա վրա նույնպես տարածվում են վերոհիշյալ օրենքով սահմանված պահանջները, եւ այդ պահանջների՝ ՀՀ քաղաքացիական եւ հողային օրենսգրքերում առանձին ամրագրումն ավելորդություն է։

Ըստ պատասխանող կողմի՝ ներկայումս գործող «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները, իսկ բուն օրենքը, մասնավորապես՝ դրա 28 եւ 29 հոդվածները հանգամանորեն կարգավորում են վարչական վարույթի իրականացման մեխանիզմը։ Հողից հրաժարվելու դիմումի առթիվ նույնպես հարուցվում է վարչական վարույթ, հետեւաբար՝ օրենքով այդ հարաբերությունները հստակ կարգավորված են եւ իրավական որոշակիության առումով որեւէ հակասություն գոյություն չունի։

Պատասխանող կողմն անընդունելի է համարում դիմողի այն պնդումը, որ օրենքը «պետք է կոնկրետ թվարկեր գույքից հրաժարվելն ակնհայտորեն վկայող գործողությունները, որպեսզի դատարաններն այդ գործողությունների առկայությունը հաստատելով՝ որոշում կայացնեին»։ Ըստ պատասխանողի՝ օրենքով հնարավոր չէ թվարկել բոլոր հնարավոր գործողությունները։ Դրանք կարող են հանդես գալ ինչպես գործողության՝ հրաժարվելու մասին հայտարարության, այնպես էլ անգործության՝ հարկերը չմուծելու, հողամասը չմշակելու եւ այլնի ձեւով։

Ըստ պատասխանողի՝ գործի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հենց դիմողի կողմից մի քանի այդպիսի գործողություններ են կատարվել։ Բացի դիմումից եւ ստացականից, գործում առկա են եղել նաեւ գյուղապետարանի կողմից տրված տեղեկանքն այն մասին, որ դիմողը հողամաս չունի 2000թ. փետրվարի 1-ի դրությամբ, եւ նա այդ տեղեկանքի շնորհիվ ընդգրկվել է սոցիալական ապահովության «Փարոս» համակարգում, որի մասին տեղեկանքը նույնպես առկա է քաղաքացիական գործում։ Թեեւ դիմողն իր բացատրությունում նշում է, որ մինչեւ օրս էլ ինքը հարկային մարմիններից ծանուցումներ է ստանում հողի հարկի վճարումների վերաբերյալ, սակայն գործում առկա է հարկային մարմնի գրությունն այն մասին, որ դիմողը մինչեւ 1999թ. վճարել է հողի հարկը, իսկ 2000-2003թթ. համար չի ներկայացվել որպես հողի սեփականատեր։ Պատասխանողի կարծիքով, սա նույնպես կարելի է դիտել որպես սեփականության իրավունքից հրաժարվելու ձեւ։

Ըստ պատասխանող կողմի՝ դիմողի բերած հիմնավորումներն ու եզրահանգումները բավարար հիմք չեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280 հոդվածի 1-ին մասում եւ ՀՀ հողային օրենսգրքի 100 հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված դրույթները «ՀՀ Սահմանադրության 3 հոդվածին, 8 հոդվածի 1-ին պարբերությանը, 31 հոդվածի 2-րդ պարբերությանը հակասող ճանաչելու համար»։

4. Դիմումին կից ներկայացված նյութերի եւ դատական ակտերի հիման վրա ուսումնասիրելով գործի հանգամանքները եւ վիճարկվող դրույթների իրացմանն ուղղված՝ տարբեր դատական ատյանների դիրքորոշումները, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, մի դեպքում, մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի մայիսի 19-ի թիվ 05-490 գործով կայացված վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել՝ հիմք ընդունելով, որ.

ա) Սարգյուլ Հակոբյանը հակընդդեմ հայցի մասով ոչ պատշաճ պատասխանող է,

բ) համայնքի ղեկավարի կողմից որոշում չի կայացվել վիճելի հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու վերաբերյալ, եւ այն օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում չի ստացել,

գ) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածին համապատասխան արժանահավատ ապացույցներ չեն ներկայացվել վիճելի հողամասը 240 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ,

դ) հողից հրաժարվելու վերաբերյալ դիմումն ստորագրված չէ։

Դիմումին կից ներկայացված մյուս դատական ակտերով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել՝ հիմք ընդունելով.

ա) ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավանի գյուղապետարանում կազմված՝ «Հողից հրաժարվածների ցուցակը»,

բ) 01.02.2002թ. ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավանի գյուղապետարանի կողմից տրված տեղեկանքն այն մասին, որ Սարգյուլ Հակոբյանը հողամաս չունի,

գ) վիճելի հողամասը 240 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ ստացականը։

Դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքների համաձայն.

ա) Արագածավանի հողային բարեփոխումների եւ սեփականաշնորհման հանձնաժողովի 17.04.1991թ. թիվ 5 որոշմամբ դիմողին հատկացվել է 1,65 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող՝ գրանցված 207,008 ծածկագրի ներքո,

բ) նշված որոշման հիման վրա դիմողը 2003թ. մարտի 12-ին ստացել է սեփականության իրավունքի վկայական,

գ) հողից հրաժարվելու վերաբերյալ դիմումն ստորագրված չէ,

դ) առկա չէ դիմողի սեփականության իրավունքի դադարման մասին համապատասխան որոշումը,

ե) վիճելի հողամասը 240 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ ստացականը պարունակում է դիմողի անձնագրային տվյալների հետ չհամընկնող անձնագրային տվյալներ (ստացականի բովանդակությունը մեջբերված է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.11.2005թ. վճռում)։

Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ այս հանգամանքների գնահատումն ընդհանուր իրավասության դատարանների խնդիրն է։ Նշված փաստաթղթերի եւ դրանց առնչվող գործողությունների օրինականության հարցը կարող էր նաեւ քննության առարկա դառնալ քրեաիրավական հարաբերությունների համատեքստում։ Այդ առումով, սահմանադրական դատարանը նպատակահարմար է գտնում գործի նյութերը տրամադրել ՀՀ գլխավոր դատախազությանը։

5. Սահմանադրական դատարանը դիմումի առարկայի շրջանակներում գնահատելով դիմող կողմի փաստարկներն իրավական նորմերի սահմանադրականության առնչությամբ, գտնում է, որ նշված նորմերի սահմանադրականության հարցը քննության առարկա կարող է հանդիսանալ այլ նորմերի հետ համակարգային փոխկապվածության համատեքստում։ Այդ տեսանկյունից առանձնահատուկ կարեւորություն ունեն նախ՝ ՔՕ 280 հոդվածի 2-րդ մասի դրույթները, համաձայն որոնց՝ «Սեփականության իրավունքից հրաժարվելը հիմք չէ գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքները եւ պարտականությունները դադարելու համար, մինչեւ այլ անձի կողմից այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը»։ Երկրորդ՝ հողի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու կարգը սահմանված է ՀՕ 101 հոդվածում։

Միաժամանակ, ճիշտ չէ դիմողի պնդումն առ այն, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280 հոդվածի 1-ին մասի եւ ՀՀ հողային օրենսգրքի 100 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթները «...նախատեսել են սեփականությունից զրկելու դեպքեր»։ Նշված իրավական նորմերը կարգավորում են սեփականության իրավունքի դադարման իրավահարաբերությունները՝ սեփականատիրոջ կամովին հրաժարման պայմաններում։

Սեփականության իրավունքի օրենսդրական ապահովման միջազգային փորձի եւ ՀՀ օրենսդրության համեմատական վերլուծությունը վկայում է, որ դատաքննության առարկայի տեսանկյունից հիմնական եւ ընդհանրական մոտեցումն այն է, որ.

1) սեփականության իրավունքից հրաժարվելը մարդու եւ քաղաքացու իրավունք է, որով անձը հրաժարվում է կոնկրետ գույքի նկատմամբ տիրապետման, տնօրինման եւ օգտագործման իր իրավունքից,

2) սեփականության իրավունքի պաշտպանվածության երաշխիքների առումով, ինչպես նաեւ նկատի ունենալով, որ սեփականության իրավունքից հրաժարումը կարող է շոշափել այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, հրաժարումը պետք է օրենսդրորեն հստակ կանոնակարգված լինի,

3) հրաժարումը քաղաքացու կողմից պետք է օրենքով սահմանված կարգով հայտարարվի կամ այնպիսի գործողությունների հետեւանք լինի, որոնք ակնհայտորեն վկայում են նման մտադրության մասին,

4) սեփականության իրավունքից հրաժարվելը հիմք չէ գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքները եւ պարտականությունները դադարելու համար՝ մինչեւ այլ անձի կողմից այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը։

Այս ընդհանուր պայմաններն անհրաժեշտ ու բավարար են սեփականության իրավունքից հրաժարվելու՝ մարդու եւ քաղաքացու իրավունքը երաշխավորելու համար։

Որքանով են տարբեր երկրների օրենսդրությամբ ամրագրված այս մոտեցումներն առկա մեր օրենսդրության մեջ։ Այդ հարցի սպառիչ պատասխանը, դիմումի առարկայի շրջանակներում, կարող ենք ստանալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի, ՀՀ հողային օրենսգրքի 100 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 101 հոդվածի, «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ գանգատները քննարկելու կարգի մասին» 04.12.1990թ. օրենքի 2-րդ կետի, «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» 24.11.1999թ. օրենքի հոդված 2-ի, ինչպես նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 31 հոդվածի եւ 50 հոդվածի 1-ին մասի ա) կետի համեմատական վերլուծության արդյունքում։ Նշված իրավական նորմերի համադրումը վկայում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280 հոդվածը սահմանել է սեփականության իրավունքից հրաժարվելու ընդհանուր իրավական հիմքը, իսկ ՀՀ հողային օրենսգրքի 100 եւ 101 հոդվածները՝ հողամասի նկատմամբ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքների դադարման համատեքստում, հստակ ու որոշակի կանոնակարգել են հողամասից հրաժարվելու հիմքերը, մասնավորապես՝ հաշվի առնելով նաեւ ՀՀ Սահմանադրության 3, 8 եւ 31 հոդվածների պահանջները։ Մասնավորապես, ՀՀ հողային օրենսգրքի 101 հոդվածով սահմանվում է.

1. Հողամաuի նկատմամբ իրավունքները դադարում են նման իրավունքներ ունեցող քաղաքացու կամ իրավաբանական անձի՝ հողամաuից կամովին հրաժարվելու մաuին դիմումի հիման վրա։

2. Հողամաuից կամովին հրաժարվելու դեպքում քաղաքացիները կամ իրավաբանական անձինք այդ մաuին դիմում են ներկայացնում համայնքի վարչական uահմաններում համայնքի ղեկավարին (Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետին), համայնքի վարչական uահմաններից դուրu՝ մարզպետին։

3. Դիմումն uտանալուց հետո՝ 15-oրյա ժամկետում, համայնքի ղեկավարը կայացնում է որոշում համապատաuխան հողամաuը համայնքային uեփականություն, իuկ Երեւանի քաղաքապետը կամ մարզպետը՝ պետական uեփականություն ճանաչելու վերաբերյալ։ Ընդ որում, համայնքի ղեկավարի, մարզպետի, Երեւանի քաղաքապետի որոշումը ենթակա է պետական գրանցման՝ oրենuդրությամբ uահմանված կարգով։

Խնդիրը տվյալ պարագայում ոչ թե իրավական նորմի անհստակությունն է, այլ այն, թե ինչպես է այն կիրառվել դատական պրակտիկայում։

6. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280 հոդվածի 1-ին մասի այն դրույթի առնչությամբ, համաձայն որի սեփականության իրավունքից հրաժարվելը նախատեսվում է նաեւ «...այնպիuի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, oգտագործումից եւ տնoրինումից նրա մեկուuացման մաuին՝ առանց այդ գույքի նկատմամբ որեւէ իրավունք պահպանելու մտադրության», ապա.

1) քաղաքացիական օրենսգրքի 280 հոդվածի խնդիրը չէ բոլոր հնարավոր դեպքերի թվարկումը։ Այդ հոդվածի առարկան է սեփականության իրավունքից հրաժարվելու երկու տարբեր իրավական հիմքերի ամրագրումը՝ այդ մասին գրավոր հայտարարելով կամ ակնհայտ գործողությամբ,

2) որպես սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիք է հանդես գալիս տվյալ հոդվածի 2-րդ մասը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 եւ 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 280 հոդվածի 1-ին մասի եւ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 100 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

10 հոկտեմբերի 2006 թվականի
ՍԴՈ-650

print page Տպել էջը