ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՆԽԱՎՃԱՐ» Q5380 ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 31 հոկտեմբերի 2006թ .

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 եւ 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի սեպտեմբերի 11-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի նախապատրաստման կանխավճար» Q5380 նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով նամակ-համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Նամակ-համաձայնագրի նպատակը դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի նախապատրաստման համար պահանջվող որոշ ծախսերի ֆինանսավորումն է, որոնք շարունակում են օգնել ստացողին դատաիրավական համակարգի բարեփոխումների հարցում՝ դատական համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների կատարելագործման ու բարելավված շենքերի եւ գործիքների ապահովման միջոցով։

2. Նամակ-համաձայնագիրն ունի մեկ հավելված, որում սահմանվում են կանխավճարի ժամկետն ու պայմանները, եւ երկու առդիր, որոնք համապատասխանաբար կարգավորում են գնումների եւ հատուկ հաշվի հետ կապված հարցերը։

Նամակ-համաձայնագրում ամրագրված ծրագրին համապատասխան՝ Միջազգային զարգացման ընկերակցությունը պարտավորվում է դրանում նշված պայմաններով եւ ժամկետներում մինչեւ 2007թ. մարտի 30-ը Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 800.000 (ութ հարյուր հազար) ԱՄՆ դոլար՝ հետեւյալ աշխատանքների իրականացման նպատակով. Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի շենքի վերանորոգում (200.000 ԱՄՆ դոլար), դատավորների վերապատրաստում (150.000 ԱՄՆ դոլար), հարկադիր կատարման ծառայության համար համակարգչային տեխնիկայի ձեռքբերում եւ ծրագրային ապահովում (45.000 ԱՄՆ դոլար), դատարանների շենքերի վերանորոգում (նախագծման ստանդարտների պատրաստում, մանրամասն տեխնիկական գնահատման աշխատանքների իրականացում (50.000 ԱՄՆ դոլար)), ծրագրի շրջանակներում նախատեսվող տասը դատարանների շենքերի վերանորոգում (200.000 ԱՄՆ դոլար), ԾԻԳ-ի գործառնական ծախսեր (155.000 ԱՄՆ դոլար)։

Նամակ-համաձայնագրի դրույթներին համապատասխան կանխավճարից դուրս բերված եւ չմարված գումարների դիմաց գանձվելու է սպասարկման վճար՝ տարեկան մեկ տոկոսի երեք քառորդի չափով։

3. Նամակ-համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետեւյալ պարտավորությունները.

- ՀՀ արդարադատության նախարարության միջոցով նամակ-համաձայնագրի շրջանակներում աշխատանքներն իրականացնել պատշաճ հետեւողականությամբ եւ արդյունավետությամբ, անհապաղ տրամադրել միջոցները, շենքերը, ծառայությունները եւ այդ նպատակի համար պահանջվող մյուս ռեսուրսները, Համաշխարհային բանկի ողջամիտ պահանջի դեպքում դրան ներկայացնել աշխատանքների եւ կանխավճարի միջոցների օգտագործման վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, ինչպես նաեւ ժամանակ առ ժամանակ կարծիքներ փոխանակել Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ՝ աշխատանքի ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ եւ ձեռնարկել բոլոր միջոցները կանխավճարի հետ կապված նպատակներով Համաշխարհային բանկի ներկայացուցիչների այցը ՀՀ տարածք ապահովելու համար,

- բացառությամբ այն դեպքերի, երբ Համաշխարհային բանկն այլ համաձայնություն կտա, աշխատանքների իրականացման համար պահանջվող եւ կանխավճարի միջոցների հաշվին ֆինանսավորման ենթակա ապրանքներ, աշխատանքներ եւ ծառայություններ ձեռք բերելիս ղեկավարվել նամակ-համաձայնագրի I Առդիրի դրույթներով՝ նախատեսված Համաշխարհային բանկի կողմից մշակված Գնումների պլանով, որը կընդգրկեր աշխատանքների իրականացման սկզբնական 18-ամսյա (կամ ավելի երկար) ժամանակահատվածը, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի համար ընդունելի ուղեցույցների համաձայն արդիականացնել նշված Գնումների պլանը եւ այն ներկայացնել նախորդ Գնումների պլանի ամսաթվից ոչ ուշ, քան 12 ամսվա ընթացքում՝ Համաշխարհային բանկի կողմից հաստատելու նպատակով,

- ապահովել կանխավճարի միջոցների հաշվին ֆինանսավորման ենթակա բոլոր ներմուծվող ապրանքների ապահովագրումը դրանք ձեռք բերելու, օգտագործման կամ տեղադրման վայր փոխադրելու եւ առաքելու հետ կապված վտանգներից,

- կանխավճարի միջոցներն օգտագործել բացառապես նամակ-համաձայնագրում մատնանշված աշխատանքներն իրականացնելու համար,

- կանխավճարի միջոցները դուրս չբերել նամակ-համաձայնագրի կնքման ամսաթվից առաջ կատարված ծախսերի դիմաց վճարում կատարելու, ինչպես նաեւ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որեւէ վճարման կամ որեւէ ապրանքի ներմուծման դիմաց վճարելու համար, եթե նման վճարումը կամ ներմուծումը, Համաշխարհային բանկի գիտությամբ, արգելված է ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած որոշմամբ,

- չհանել կանխավճարի միջոցները 2007թ. մարտի 30-ից հետո կամ ավելի ուշ ժամկետից հետո, որը Համաշխարհային բանկը կարող է սահմանել՝ ծանուցելով Հայաստանի Հանրապետությանը (վերաֆինանսավորման ամսաթիվ), որից հետո կանխավճարից դուրս չբերված ցանկացած գումար չեղյալ է համարվում,

- Համաշխարհային բանկի վարկային եւ փոխառության միջոցներն օգտագործել տնտեսմամբ եւ արդյունավետությամբ,

- կանխավճարից գումար հանելու համար հայտ ներկայացնել Համաշխարհային բանկին՝ նրա կողմից սահմանված ձեւով՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի կամ նրա կողմից գրավոր լիազորված անձի կողմից եւ ուղեկցված այդպիսի հայտը հիմնավորող փաստերով, որոնք Համաշխարհային բանկը ողջամիտ կերպով կպահանջի,

- աշխատանքների իրականացումը դյուրացնելու նպատակով առեւտրային բանկում ԱՄՆ դոլարով հատուկ ավանդային հաշիվ բացելու եւ վարելու պարագայում, այդ հաշվին մուտքագրված ավանդները եւ հաշվից վճարումները կատարել նամակ-համաձայնագրի II Առդիրի դրույթներին համապատասխան,

- կանխավճարի միջոցներից վերջին դուրսբերման ֆինանսական տարվա աուդիտի հաշվետվությունը Համաշխարհային բանկի ստանալուց հետո առնվազն մեկ տարվա ընթացքում պահել ծախսերի մասին հաշվետվությունների հիման վրա կանխավճարից դուրս բերված միջոցներով կատարված ծախսերը հավաստող բոլոր գրանցումները, հնարավորություն տալ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին ստուգելու դրանք, ինչպես նաեւ ապահովել ծախսերի նման հաշվետվությունների ներառումն աուդիտում, որը Համաշխարհային բանկը կարող է պահանջել նամակ-համաձայնագրի դրույթներին համապատասխան,

- Համաշխարհային բանկին բոլոր վճարումները կատարել ԱՄՆ դոլարով՝ Համաշխարհային բանկի մատնանշած վայրում եւ սահմանած ավանդապահներին,

- բոլոր ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները, բացի խորհրդատվական ծառայություններից, ձեռք բերել 2004թ. մայիսի՝ «ՎԶՄԲ փոխառությունների եւ ՄԶԸ վարկերի շրջանակում գնումների ուղեցույցների» I բաժնի եւ նամակ-համաձայնագրի I Առդիրի դրույթների համաձայն,

- բոլոր խորհրդատվական ծառայությունները ձեռք բերել 2004թ. մայիսի՝ «Ուղեցույցներ. Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրությունը եւ աշխատանքի ընդունումը» ուղեցույցի I եւ IV բաժինների եւ նամակ-համաձայնագրի I Առդիրի համաձայն,

- բացառությամբ I Առդիրում նախատեսված այլ դեպքերի, ապրանքները եւ աշխատանքները ձեռք բերել Հայտերի ազգային մրցակցության պայմանագրերի շնորհման միջոցով՝ նամակ-համաձայնագրում ամրագրված համապատասխան դրույթների պահպանմամբ,

- հատուկ հաշվից վճարումներ կատարել բացառապես ընդունելի ծախսերի համար՝ II Առդիրի դրույթներին համապատասխան։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 եւ 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2006 թվականի սեպտեմբերի 11-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի նախապատրաստման կանխավճար» Q5380 նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

31 հոկտեմբերի 2006 թվականի
ՍԴՈ-660

print page Տպել էջը