ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՐՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 21 նոյեմբերի 2006թ .

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյանի, հրավիրված՝ ՀՀ սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Կիրակոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 եւ 72 հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի նոյեմբերի 1-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ֆինանսավորման համաձայնագրում (Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագիր) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, Ա. Կիրակոսյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաեւ իրավակիրառական պրակտիկան, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2006 թվականի նոյեմբերի 1-ին՝ Սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) ֆինանսավորման նպատակով։

Ծրագրի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների եւ ծառայությունների որակի բարելավման, համայնքային եւ քաղաքային մակարդակում լրացուցիչ ինստիտուցիոնալ կարողության խթանման միջոցով աջակցել աղքատ եւ խոցելի խմբերի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված քաղաքականությանը։

Համաձայնագիրն ունի երեք հավելված՝ հավելված 1. «Ծրագրի նկարագրություն», հավելված 2. «Ծրագրի իրականացում» եւ հավելված 3. «Մարման ժամանակացույցը»։ Հավելված 3-ն ունի առդիր, որի դրույթներով բացահայտվում է համաձայնագրում օգտագործվող հասկացությունների բովանդակությունը։

Համաձայնագրի անբաժանելի մասն է հանդիսանում 2005թ. հուլիսի 1-ի՝ «Վարկերի եւ դրամաշնորհների՝ Զարգացման միջազգային ընկերակցության ընդհանուր պայմաններ» վերտառությամբ փաստաթուղթը։

2. Ըստ համաձայնագրի՝ Ծրագրի իրականացման նպատակով Միջազգային զարգացման ընկերակցությունը (այսուհետ՝ Ընկերակցություն) համաձայնագրում նշված ժամկետներում եւ պայմաններով Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է տասնվեց միլիոն ինը հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին (SDR/ՓՀԻ 16.900.000) համարժեք գումարի չափով վարկ։ Վարկի մարումն սկսվում է 2017թ. ապրիլի 1-ից եւ ավարտվում 2026թ. հոկտեմբերի 1-ին։ Վարկի միջոցներից առհանման վերջին ժամկետը 2011թ. հունիսի 30-ն է։

3. Ծրագիրը բաղկացած է երեք մասերից.

- «Մաս 1. Համայնքային ներդրումներ», որը ներառում է, մասնավորապես, դպրոցների, առողջարանային կլինիկաների, համայնքային կենտրոնների, փոքրամասշտաբ ջրամատակարարման համակարգերի, ջրահեռացման, արվեստի հատուկ դպրոցների, երաժշտության եւ սպորտի, գյուղական էլեկտրաֆիկացման համակարգերի, փոքր ոռոգման աշխատանքների եւ այլ ենթակառուցվածքների վերակառուցման եւ վերականգնման միկրոծրագրերի իրականացումը, դպրոցների ջեռուցման համակարգերի եւ գիտական լաբորատորիաների շինարարության եւ/կամ վերակառուցման միկրոծրագրերի իրականացումը, դպրոցական կահույքի եւ սարքավորումների, գիտական լաբորատորիաների կահույքի եւ սարքավորումների, ուսումնական նյութերի տրամադրումը, միկրոծրագրերի նախագծման եւ վերահսկման ծառայությունների տրամադրումը, ներառյալ տեխնիկական աջակցությունը, խորհրդատվական ծառայությունը, ուսուցումը եւ տեխնիկական օժանդակությունը,

- «Մաս 2. Տեղեկատվական մակարդակի ինստիտուցիոնալ հզորացում, մոնիտորինգ եւ գնահատում», որը ներառում է, մասնավորապես, տեխնիկական աջակցության տրամադրումը, ուսուցման եւ աջակցության ծառայությունները տեղական իշխանությունների այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ֆինանսական կառավարումը, բյուջետավորումը եւ ակտիվների կառավարումը, տեղական մակարդակում Ծրագրի աշխատանքների մոնիտորինգին եւ գնահատմանն աջակցելու եւ հզորացնելու համար հատուկ ուսումնասիրությունների, տեխնիկական գնահատումների, սեմինարների եւ ուսումնական այցելությունների իրականացումը,

- «Մաս 3. Ծրագրի կառավարում, մոնիտորինգ եւ գնահատում», որը ներառում է, մասնավորապես, ինստիտուցիոնալ աջակցության տրամադրումը Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամին (այսուհետ՝ ՀՍՆՀ)։

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետեւյալ պարտավորությունները.

- վարկի հիմնական գումարի չառհանված գումարից կիսամյակային մուծումներով յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ին եւ հոկտեմբերի 1-ին Ընկերակցությանը վճարել պարտավճար՝ տարեկան առավելագույնը 1%-ի կեսը (1%-ի 1/2),

- վարկի հիմնական գումարից ժամանակ առ ժամանակ առհանված եւ չվճարված գումարներից հաշվարկված՝ յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ին եւ հոկտեմբերի 1-ին Ընկերակցությանը վճարել սպասարկման վճար՝ տարեկան մեկ տոկոսի երեք քառորդը (1%-ի 3/4-ը) տոկոսադրույքով,

- կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ին եւ հոկտեմբերի 1-ին, սկսած 2017 թվականի ապրիլի 1-ից մինչեւ 2026 թվականի հոկտեմբերի 1-ը, մարել վարկի հիմնական գումարը (ընդ որում, յուրաքանչյուր մուծում, սկսած 2017 թվականի ապրիլի 1-ից մինչեւ 2026 թվականի հոկտեմբերի 1-ի մուծումը, պետք է կազմի նշված հիմնական գումարի հինգ տոկոսը (5%)),

- հայտնել Ծրագրի նպատակների իրականացման համար իր պարտավորությունները եւ այս առումով իրականացնել Ծրագիրը ՀՍՆՀ-ի միջոցով՝ համաձայն Գործառնական ձեռնարկի եւ Ընդհանուր պայմանների 4-րդ հավելվածի դրույթների,

- ապահովել, որպեսզի Ծրագիրն իրականացվի համաձայնագրի 2-րդ հավելվածի դրույթների համաձայն՝ չսահմանափակելով համաձայնագրի 3.01 կետի դրույթները, բացառությամբ ՀՀ եւ Ընկերակցության միջեւ այլ համաձայնության,

- ստեղծել ՀՍՆՀ III Ծրագրի տեխնիկական հանձնաժողով,

- Ընկերակցության համար ընդունելի ձեւով բանկում բացել Ծրագրի հաշիվ՝ 500.000 ԱՄՆ դոլարին համարժեք նախնական ավանդով, եւ հաստատել Ընկերակցությանը բավարարող Գործառնական ձեռնարկը,

- պահել ՀՍՆՀ՝ այն կառուցվածքով, աշխատակազմով եւ այլ ռեսուրսներով, որոնք բավարարում են Ընկերակցությանը,

- ապահովել, որպեսզի ՀՍՆՀ գործառույթներն իրականացվեն համաձայն Գործառնական ձեռնարկում նշված կամ նախատեսված ընթացակարգերի, ինչպես նաեւ ապահովել, որպեսզի ՀՍՆՀ կարգավիճակի կամ կանոնադրության ցանկացած էական փոփոխություն եւ գործադիր տնօրենի ու ՀՍՆՀ վարչության պետերի նշանակման կամ աշխատանքի ընդունման պայմանների ցանկացած փոփոխություն համաձայնեցվի Ընկերակցության հետ,

- ՀՍՆՀ միջոցով ապահովել, որպեսզի միկրոծրագրերը սահմանվեն, գնահատվեն, հաստատվեն եւ իրականացվեն համաձայն Գործառնական ձեռնարկում նշված կամ նախատեսված ընթացակարգերի,

- ապահովել, որպեսզի Ծրագրի իրականացման գործակալությունը միկրոծրագրերն իրականացնի համաձայն շրջանակային համաձայնագրով սահմանված ժամկետների եւ պայմանների,

- Ընկերակցության համար բավարար տեխնիկական առաջադրանքով տարեկան կտրվածքով իրականացնել միկրոծրագրերի իրականացման վերաբերյալ անկախ տեխնիկական եւ գնումների ուսումնասիրություն՝ կենտրոնանալով Գործառնական ձեռնարկում սահմանված ուղեցույցների եւ ընթացակարգերի, աշխատանքների որակի, ուսուցման եւ տեխնիկական աջակցության ծրագրերի ու համայնքային գնումների վրա, ինչպես նաեւ իրականացնել շահառուների վրա Ծրագրի ազդեցության գնահատում,

- պարտադրել, որպեսզի ՀՍՆՀ-ն Ընկերակցության ուսումնասիրությանը եւ հաստատմանը ներկայացնի աշխատանքների տարեկան ծրագիրը եւ բյուջեն, ինչպես նաեւ Ընկերակցությանը բավարարող ձեւով Ծրագրի իրականացման մասին ներկայացնի եռամսյակային եւ տարեկան առաջընթացի մասին հաշվետվություններ՝ ներառյալ միկրոծրագրերի ծախսարդյունավետության եւ մարզային նպատակաուղղվածության գնահատումը,

- ձեռնարկել կամ ստեղծել պայմաններ, որպեսզի ժամանակին ձեռնարկվեն բնապահպանական կառավարման պլանի (ԲԿՊ/EMP) իրականացման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները,

- մինչեւ Ծրագրի ավարտը պահել Ծրագրի հաշվի հաշվեկշիռը Ծրագրի իրականացման հաջորդ երեք (3) ամիսներին համարժեք գումարի չափով՝ բացառությամբ ՀՀ-ի եւ Ընկերակցության միջեւ այլ համաձայնության եւ չսահմանափակելով 3.01-ին բաժնի դրույթները,

- մոնիտորինգի ենթարկել եւ գնահատել Ծրագրի առաջընթացը, նախապատրաստել Ծրագրի հաշվետվություններ՝ Ընկերակցության հետ համաձայնեցված ցուցանիշների հիման վրա եւ Ընդհանուր պայմանների 4.08-րդ բաժնի դրույթներին համապատասխան, որոնք պետք է ներառեն մեկ օրացուցային կիսամյակ ժամանակահատված, եւ դրանք ներկայացնել Ընկերակցությանը հաշվետվության տվյալ ժամանակահատվածի ավարտից ոչ ուշ, քան 45 օր հետո,

- 2011թ. դեկտեմբերի 31-ից ոչ ուշ Ընդհանուր պայմանների 4.08-րդ բաժնի «գ» կետի նպատակներով Ընկերակցությանը ներկայացնել Ծրագրի իրականացման մասին հաշվետվությունը եւ դրա հետ կապված պլանը,

- ունենալ կամ պարտադրել, որ ունենան ֆինանսական կառավարման համակարգ՝ Ընդհանուր պայմանների 4.09-րդ բաժնի դրույթներին համապատասխան,

- պատրաստել եւ յուրաքանչյուր օրացուցային եռամսյակից ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո Ընկերակցությանը ներկայացնել այդ եռամսյակին վերաբերող Ծրագրի՝ աուդիտի չենթարկված, միջանկյալ ֆինանսական հաշվետվություն՝ Ընկերակցությանը բավարարող ձեւով եւ բովանդակությամբ՝ չսահմանափակելով հավելված 2-ի բաժին II-ի Ա մասի դրույթները,

- աուդիտի ենթարկել ՀՀ ֆինանսական հայտարարագիրը՝ համաձայն Ընդհանուր պայմանների 4.09-րդ բաժնի «բ» կետի դրույթների։ Աուդիտի ենթարկված յուրաքանչյուր տարվա այդպիսի ժամանակահատվածի ֆինանսական հայտարարագիրը ներկայացնել Ընկերակցությանը յուրաքանչյուր այդպիսի ժամանակահատվածի ավարտից վեց ամսից ոչ ուշ,

- Ծրագրի համար պահանջվող եւ ֆինանսավորման միջոցներից ֆինանսավորվող բոլոր ապրանքներն ու աշխատանքները գնել ըստ Գնումների ուղեցույցի 1-ին բաժնում սահմանված կամ նախատեսված պահանջների՝ ըստ միջազգային մրցակցային սակարկության հիման վրա շնորհված պայմանագրերի եւ հավելված 2-ի դրույթների,

- Ծրագրի համար պահանջվող եւ ֆինանսավորման միջոցներից ֆինանսավորվող բոլոր խորհրդատուների ծառայությունները գնել ըստ Խորհրդատուների ուղեցույցի I եւ IV բաժիններում սահմանված կամ նախատեսված պահանջների՝ ըստ որակի եւ արժեքի վրա հիմնված պայմանագրերի եւ հավելված 2-ի դրույթների,

- ֆինանսավորել աշխատանքների, ապրանքների, խորհրդատուների ծառայությունների եւ ուսուցման ծախսերի 22 տոկոսը, գործառնական ծախսերի 50 տոկոսը, փոխհատուցել Ծրագրի նախապատրաստման կանխավճարը, որը կազմում է մեկ միլիոն տասնչորս հազար ՓՀԻ-ին համարժեք գումար։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 եւ 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2006 թվականի նոյեմբերի 1-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ֆինանսավորման համաձայնագրում (Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

21 նոյեմբերի 2006 թվականի
ՍԴՈ-666

print page Տպել էջը