ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՔԱՂ. ՍԵԴԱ ԱՐԱՄԱՅԻՍԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ՝ 27.07.2006Թ. ԹԻՎ 6-8 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 5-րդ մասի,

աշխատակարգային նիստում քննեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601 հոդվածի 1-ին կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48, 53, 218, 236-239 հոդվածների՝ ՀՀ Սահմանադրության 8 եւ 31 հոդվածներին համապատասխանության վերաբերյալ քաղ. Սեդա Արամայիսի Ավետիսյանի դիմումը քննության ընդունելու մասին հարցը։

ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը, ուսումնասիրելով սույն դիմումը, այն քննության ընդունելու վերաբերյալ միաձայնությամբ որոշում չի կայացրել եւ այդ մասին «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի եւ ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան տեղյակ է պահել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահին սույն թվականի օգոստոսի 16-ին։

Դիմելով ՀՀ սահմանադրական դատարան՝ դիմումատուն խնդրում է ՀՀ Սահմանադրության 8 եւ 31 հոդվածներին չհամապատասխանող, հակասող ճանաչել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատի՝ իր նկատմամբ կիրառած՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601 հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48, 53, 218, 236-239 հոդվածները։

Ուսումնասիրելով դիմումը եւ գործում առկա մյուս փաստա- թղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Դիմումը սահմանադրական դատարանում մուտքագրվել է 27.07.2006թ.։

2. Դիմումատուն իր դիմումում նշում է, որ «... իմ նկատմամբ կիրառվել է ՀՀ քաղ. օր-ի 601 հոդվածի 1-ին կետի, ՀՀ քաղ. դատ. օր-ի 48, 53, 218, 236-239 հոդվածները, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրության 8-րդ եւ 31-րդ հոդվածների պահանջներին, քանի որ ՀՀ քաղ. օր-ի 163 հոդվածի համաձայն, սեփականության իրավունքը սուբյեկտի՝ օրենքով եւ այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է՝ իր հայեցողու- թյամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրեն պատկանող գույքը, մինչդեռ կիրառված հոդվածներով մերժվել է իմ սեփական տան նվիրատվությունը վերացնելու պահանջի մասին հայցը»։

Դիմումատուն նշում է նաեւ, որ «... թերի քննված գործով կայացված վճիռը պետք է բեկանվեր եւ գործն ուղարկվեր նոր քննության, սակայն վճռաբեկ դատարանը վերջնական ակտով ինձ մտցրել է փակուղի եւ ինձ զրկել իմ գույքը տնօրինելու իմ՝ սուբյեկտիվ իրավունքներից»։

3. Ձեւականորեն առաջ քաշելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601 հոդվածի 1-ին կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48, 53, 218, 236-239 հոդվածների սահմանադրականության հարցը, իրականում դիմումատուն հարցադրում է կատարում կոնկրետ գործով դրանց ճիշտ կիրառման վերաբերյալ։ Այս հարցի լուծումն ընդհանուր իրավասության դատարանների իրավազորության խնդիր է եւ ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը։

Բացի դրանից, դիմումատուն խնդրում է ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատի կողմից իր նկատմամբ կիրառված հիշյալ օրենսգրքերի դրույթները։

ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան պալատն այդ նորմերի մի մասը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601 հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48, 53, 218 հոդվածներն ուղղակիորեն քաղաքացու նկատմամբ չի կիրառել եւ իր որոշումը կայացրել է՝ հենվելով փաստական հանգամանքների վերաբերյալ վերաքննիչ դատարանի կողմից գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների եւ գործում առկա ապացույցների գնահատման վրա։

Դիմումում անտեսվել են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի երկրորդ մասի 5-րդ կետի եւ ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 21 հոդվածի երկրորդ մասի «ը» կետի պահանջները, եւ չեն ներկայացվել հեղինակի դիրքորոշման իրավական հիմնավո-

րումները հիշյալ օրենսգրքերի տվյալ նորմերի՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն իր աշխատակարգային նիստում ՈՐՈՇԵՑ.

Մերժել քաղ. Սեդա Արամայիսի Ավետիսյանի դիմումի քննության ընդունումը, քանի որ այն չի համապատասխանում անհատական դիմումների ներկայացման վերաբերյալ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջներին եւ համաձայն նշված օրենքի 69 հոդվածի 7-րդ մասի՝ ակնհայտ անհիմն է։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

22 օգոստոսի 2006 թվականի
ՍԴԱՈ-46

print page Տպել էջը