ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՔԱՂ. ՕԹԱՐ ԳՐԻԳՈՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ՝ 20.07.2006Թ. ԹԻՎ 6-5 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 5-րդ մասի,

աշխատակարգային նիստում քննեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 8 եւ 31 հոդվածներին համապատասխանության վերաբերյալ քաղ. Օթար Գրիգորի Սարգսյանի դիմումը քննության ընդունելու մասին հարցը։

ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը, ուսումնասիրելով սույն դիմումը, այն քննության ընդունելու վերաբերյալ միաձայնությամբ որոշում չի կայացրել եւ այդ մասին «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի եւ ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան տեղյակ է պահել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահին սույն թվականի օգոստոսի 16-ին։

Դիմելով ՀՀ սահմանադրական դատարան՝ դիմումատուն խնդրում է ՀՀ Սահմանադրության 8 եւ 31 հոդվածներին չհամապատասխանող, հակասող ճանաչել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատի՝ իր նկատմամբ կիրառած՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածը։

Ուսումնասիրելով դիմումը եւ գործում առկա մյուս փաստա- թղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Դիմումը սահմանադրական դատարանում մուտքագրվել է 20.07.2006թ.։

2. Դիմումատուն իր դիմումում նշում է, որ «... իմ նկատմամբ կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածը հակասում է ՀՀ սահմանադրության 8-րդ եւ 31-րդ հոդվածներին, քանի որ ՀՀ քաղ. օր-ի 187-րդ հոդվածը կարող էին կիրառել միայն այն դեպքում, երբ անշարժ գույքը՝ հողը չունենար սեփականատեր կամ սեփականատերը անհայտ լիներ»։

3. Ձեւականորեն առաջ քաշելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածի սահմանադրականության հարցը, իրականում դիմումատուն հարցադրում է կատարում կոնկրետ գործով դրա ճիշտ կիրառման վերաբերյալ։ Այս հարցի լուծումն ընդհանուր իրավասության դատարանների իրավազորության խնդիր է եւ ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը։

Դիմումում անտեսվել են նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի երկրորդ մասի 5-րդ կետի եւ ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 21 հոդվածի երկրորդ մասի «ը» կետի պահանջները, եւ չեն ներկայացվել հեղինակի դիրքորոշման իրավական հիմնավորումներն օրենսգրքի տվյալ նորմի՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն իր աշխատակարգային նիստում ՈՐՈՇԵՑ.

Մերժել քաղ. Օթար Գրիգորի Սարգսյանի դիմումի քննության ընդունումը, քանի որ այն չի համապատասխանում անհատական դիմումների ներկայացման վերաբերյալ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջներին եւ համաձայն նշված օրենքի 69 հոդվածի 7-րդ մասի՝ ակնհայտ անհիմն է։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

22 օգոստոսի 2006 թվականի
ՍԴԱՈ-47

print page Տպել էջը