ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՔԱՂԱՔԱՑԻ ՄԱԹԵՎՈՍ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ՝ 30.10.2006 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 6-18 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով, որ, դիմելով սահմանադրական դատարան, քաղաքացի Մ. Գասպարյանը՝ ձեւական առումով առաջ քաշելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197 հոդվածի 2-րդ կետի՝ ՀՀ Սահմանադրության 8 հոդվածի 1-ին պարբերությանը եւ 31 հոդվածի 1-ին պարբերությանը համապատասխանության խնդիրը, ըստ էության բողոքարկում է օրենսգրքի նշված նորմի կիրառման եւ դրանով պայմանավորված՝ իր սահմանադրական իրավունքների պաշտպանության խնդիրը։ Այս հարցը ենթակա չէ սահմանադրական դատարանի իրավազորությանը։ ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի պահանջներին համապատասխան սահմանադրական դատարանն իրավասու է քննության առնել այն անհատական դիմումները, որոնք առաջ են քաշում եւ հիմնավորում կոնկրետ գործով վերջնական դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 7-րդ մասով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

Մերժել քաղաքացի Մաթեւոս Գասպարյանի դիմումի քննության ընդունումը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

14 նոյեմբերի 2006 թվականի
ՍԴԱՈ-70

print page Տպել էջը