Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

Միջոցառումներ

arrowՀամաժողովներ
arrowՕլիմպիադաներ

 

Օլիմպիադաներ

1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2006 | 2010

ԻՄ ԵՐԿՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ 15 ՏԱՐԵԿԱՆ Է
Հանրապետական մրցույթում հաղթած աշակերտների շարադրությունների ժողովածու
ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոն, Երեւան-2010թ.
[pdf, 0.5mb]


21 մայիսի 2010թ.

Նվիրված ՀՀ Սահմանադրության ընդունման 15-ամյակին

ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

   ՀՀ Սահմանադրության ընդունման 15-ամյակի միջոցառումների շրջանակներում «Սահմանադրություն եւ իրավունք» ուսանողական եւ աշակերտական հանրապետական 7-րդ օլիմպիադային համադրաբար անցկացվեց նաեւ «Իմ երկրի Հիմնական օրենքը» թեմայով աշակերտական շարադրությունների հանրապետական մրցույթ։ Այս երկու միջոցառումն էլ ՀՀ սահմանադրական դատարանը կազմակերպել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ։ Եվ ահա օլիմպիադայի փակման հետ ամփոփվեցին նաեւ աշակերտական շարադրությունների մրցույթի արդյունքները, եւ տարբեր մարզերից ու Երեւան քաղաքից հաղթող ճանաչված 15 աշակերտ մայիսի 20-ին հրավիրվեց ՀՀ սահմանադրական դատարան՝ ստանալու ՀՀ սահմանադրական դատարանի ու ՀՀ կրթության եւ գիտության նախարարության սահմանած դիպլոմներն ու մրցանակները։ «Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանների սրահում» էին ՍԴ անդամները, ՀՀ իրավաբանների միության նախագահ Գագիկ Ղազինյանը, ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը եւ օլիմպիադայի հովանավոր, հայ ազգային բարերար Ալբեր Բոյաջյանը։
    ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ողջունեց մրցույթում հաղթող աշակերտներին, ովքեր սահմանադրական հետաքրքիր մտածողություն ունեն, ում համար էապես ձեւավորված է սահմանադրական մշակույթը, եւ այդ ուղղությամբ կարողությունների խրախուսելի դրսեւորումներ են ցուցաբերում։ Նրանց շարադրություններում կան անկեղծ, հետաքրքիր մտքեր, որոնք կարող են ուսանելի լինել ոչ միայն իրենց հասակակիցների, այլեւ լայն հասարակության համար։ Ահա ինչու Սահմանադրական իրավունքի կենտրոնը որոշում է կայացրել «15 տարեկանները 15-ամյա Սահմանադրության մասին» խորագրով առանձին գրքույկ հրատարակել, ուր կամփոփվեն մրցույթում լավագույններ ճանաչված շարադրությունները։
    -Շատ հետաքրքիր է,-ներկայացնելով աշակերտներին՝ ասաց պարոն Հարությունյանը,-թե Սահմանադրության տարեկից աշակերտներն ինչպես են պատկերացնում Սահմանադրություն երեւույթը. մեկն այդ երեւույթը կապում է ազատ ապրելու հետ, մյուսը համարում է, որ Սահմանադրությունը մշակույթ է, եւ առանց այդ մշակույթի լիարժեք ապրել հնարավոր չէ, երրորդի կարծիքով Սահմանադրության չիմացությունն այսօր մեր կյանքում շատ-շատ դժվարությունների պատճառ է դառնում, երբ օրենքը չի հարգվում... Բերում են օրինակներ Շահամիրյանների «Որոգայթ փառաց»-ից, Գոշի «Դատաստանագրքից» եւ պատմական այլ աղբյուրներից։ Սա վկայում է, թե այդ շարադրությունները գրելիս ինչ լրջագույն մոտեցում, ինչ պատրաստվածություն են ունեցել ու ինչ համոզվածությամբ փորձում են իմաստավորել իրավունքի գերակայության երաշխավորությամբ ազատ ապրելու էությունը։ Սրանք սոսկ մանկական, զգացմունքային պոռթկումներ չեն, այլ իմաստավորված ձեւակերպումներ, եւ անչափ ուրախալի ու տպավորիչ է, որ նոր սերնդի մոտ կա այսպիսի առողջ մտածողություն։
    Կարեւորելով ՀՀ Սահմանադրության ընդունման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում անցկացվող այս կարգի միջոցառումների («Սահմանադրություն եւ իրավունք» ուսանողական եւ աշակերտական հանրապետական օլիմպիադա, «Իմ երկրի Հիմնական օրենքը» թեմայով աշակերտական շարադրությունների հանրապետական մրցույթ) բացառիկ նշանակությունը՝ պարոն Հարությունյանը հավելեց. «Մենք փորձում ենք նոր սերնդին նորովի ներկայացնել, մեկնաբանել, ավելի ընկալելի դարձնել սահմանադրական արժեքները, ազատ ապրելու, իրենց իրավունքները պաշտպանելու ճանապարհ ցույց տալ, օգնել, որ կարողանան իրենց ստեղծագործական կարողություններն առավել լիարժեք դրսեւորել ու իրացնել»։
    Մինչ մրցանակներ շնորհելը, նա ներկաներին համառոտ ներկայացրեց շարադրություններում ներառված առավել հետաքրքիր մտքերը, որոշ մեջբերումներ արեց՝ ուրախությամբ շեշտելով աշակերտների հասուն մտածողությունն ու տրամաբանությունը։
    «Իմ երկրի Հիմնական օրենքը» թեմայով աշակերտական շարադրությունների հանրապետական մրցույթում հաղթող աշակերտները պարգեւատրվեցին ՀՀ սահմանադրական դատարանի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության համատեղ շնորհած դիպլոմներով։
    Մրցանակներ ստացան՝
    Լիանա Մարիկյանը (Վանաձորի թիվ 24 միջն.դպրոց,11-րդ դասարան), Մերի Մարգարյանը (Շիրակի մարզի Ջաջուռի միջն.դպրոց, 9-րդ դասարան), Մարիամ Լոռեցյանը (Վանաձորի թիվ 4 միջն.դպրոց,11-րդ դասարան), Աշոտ Ներսիսյանը (Երեւանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի 10-րդ դասարան), Ռոզա Տերտերյանը (Երեւանի թիվ 38 դպրոցի 10-րդ դասարան), Աստղիկ Տիտանյանը (Լոռու մարզի Օձունի թիվ 1 միջն. դպրոց, 11-րդ դասարան), Վահե Զարգարյանը (Լոռու մարզի Օձունի թիվ 2 միջն. դպրոց, 10-րդ դասարան), Աշխեն Տերտերյանը (Արմավիրի մարզի Էջմիածնի թիվ 9 միջն.դպրոց, 9-րդ դասարան), Ամալյա Կարապետյանը (Արագածոտնի մարզի Օշականի Մ. Մաշտոցի անվան միջն.դպրոց), Հրաչյա Հովհաննիսյանը (Շիրակի մարզի Վահրամաբերդի միջն.դպրոց), Ռոզա Մելիքսեթյանը (Արագածոտն, Մ. Մաշտոցի անվան միջն.դպրոց, 9-րդ դասարան), Ռուզաննա Ավետիսյանը (Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 14 միջն. դպրոց, 11-րդ դաս), Վարդան Կարապետյանը (Արարատի մարզի Ազատավանի միջն.դպրոց 11-րդ դասարան), Արփինե Ղազարյանը (Գեղարքունիքի մարզ, Սեւանի Մաշտոցի անվան թիվ 7 միջն.դպրոց 9-րդ դասարան) եւ Մարիա Ազատյանը (Սյունիքի մարզի Կապանի թիվ 11 միջն.դպրոց, 9-րդ դասարան)։
    Պատեհ առիթ էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին մասնակցելու համար Հայաստանում էր խորհրդի անդամ Ալբեր Բոյաջյանը, ով եկել էր մասնակցելու աշակերտների պարգեւատրման արարողությանը։ Ամերիկահայ բարերարը, ով մշտապես հովանավորել է «Սահմանադրություն եւ իրավունք» ուսանողական եւ աշակերտական հանրապետական օլիմպիադաները, ՀՀ սահմանադրական դատարանի կողմից պարգեւատրվեց Շնորհակալագրով՝ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 15-ամյակին նվիրված «Սահմանադրություն եւ իրավունք» հանրապետական 7-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի կազմակերպմանը ցուցաբերած աջակցության, ուսանողների եւ աշակերտների նկատմամբ դրսեւորած հոգածության համար»։ Շնորհակալագիրը հանձնելով՝ պարոն Հարությունյանը շնորհակալությամբ արժեւորեց Ա. Բոյաջյանի կողմից Հայրենիքի հանդեպ ցուցաբերած նախանձախնդիր վերաբերմունքը։
    Շնորհակալական խոսք ասաց պարոն Բոյաջյանը՝ իր պատրաստակամությունը հավաստելով հետայսու եւս հնարավորինս աջակցելու նմանօրինակ միջոցառումների անցկացմանը։
    Հընթացս մրցանակներ հանձնելու արարողության, անցկացվեց «Իմ երկրի Սահմանադրությունը» թեմայով բաց դաս, որը վարեց ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը։ Բաց դասի կարեւորությունն այն էր, որ աշակերտները հնարավորություն ստացան իրենց իմացածին, իրենց մտածողությանը ավելացնել այն անհրաժեշտը, որ նրանց կօգնի ավելի հիմնավոր գիտելիքներ ձեռք բերել։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2 | 3 | 4

13 մայիսի 2010թ.

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 7-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՓԱԿՈՒՄԸ

    Մայիսի 12-ին «Անանիա Շիրակացի» կրթահամալիրի «Օլիմպիական» սրահում հանդիսավոր արարողությամբ փակվեց ՀՀ Սահմանադրության ընդունման 15-ամյակին նվիրված «ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ» ուսանողական եւ աշակերտական Հանրապետական 7-րդ օլիմպիադան։
    Հիշեցնենք, որ ամենամյա օլիմպիադայի կազմակերպիչներն էին ՀՀ Սահմանադրական դատարանը, ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոնը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը՝ աջակցությամբ ՀՀ իրավաբանների միության, «Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Բոյաջյանի (ԱՄՆ)։
     Օլիմպիականների միջեւ՝ վիրտուալ դատարան, դիմող եւ պատասխանող կողմեր, մրցութային երկու օրերի ընթացքում կայացավ յոթ դատավարություն։ Աշակերտական եւ ուսանողական թիմերի մի յուրօրինակ քննություն էր դա, որի ընթացքում բացահայտվեցին նրանց իրավական գիտելիքները, ի մասնավորի՝ ՀՀ Սահմանադրության հոդվածների, ՀՀ օրենքների իմացությունն ու վերլուծական կարողությունները։
     Դժվար էր ժյուրիի գործը՝ աշակերտական 14 եւ ուսանողական 7 թիմերից ընտրել մրցանակային երեք տեղերը գրավողներին, քանզի մրցողների իմացության ընդհանուր մակարդակն ու ակտիվությունը շատ բարձր էր։ Հենց դա էր օլիմպիադայի հաջողությունը՝ «անհաշտ պայքար էր» ընթանում՝ գիտելիքների բացահայտման, վերլուծական կարողությունների դրսեւորման պայքար։ Հենց այս հանգամանքը նկատի ուներ ժյուրիի նախագահ, ՀՀ ՍԴ անդամ Հրանտ Նազարյանը, երբ ամփոփելով արդյունքները, ասաց. «Օլիմպիադան անցավ թեժ պայքարի, պատկերավոր ասած՝ անզիջում մրցակցության մթնոլորտում։ Հաղթող են բոլորը, սակայն օլիմպիադայի կանոնները պահանջում են, այնուամենայնիվ, լավերի մեջ լավագույններին ընտրել»։
     Շնորհակալություն հայտնելով օլիմպիադայի կազմակերպիչներին եւ մասնակիցներին, պարոն Նազարյանը հրապարակեց հաղթող թիմերի ցուցակը՝ մրցանակները հանձնելու հաճելի պարտականությունը թողնելով կազմակերպիչներին ու առանձին մրցանակներ սահմանած կազմակերպությունների ղեկավարներին։
     Մրցույթում առաջին տեղ զբաղեցրած ուսանողական, հայցվորի եւ պատասխանողի կարգավիճակներում հանդես եկած աշակերտական լավագույն թիմերին մրցանակներ շնորհեց օլիմպիադայի կազմկոմիտեի պատվավոր նախագահ, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Նա իր ուրախությունն արտահայտեց աշակերտների եւ ուսանողների (վերջինների մեջ կան նաեւ նրա ուսանողները Երեւանի պետական համալսարանից) այսչափ ակտիվության համար, տեղեկացրեց, որ բոլորին անխտիր կտրվեն օլիմպիադայի մասնակցության հատուկ վկայականներ։
     «Անցյալ տարիների փորձը ցույց է տվել,-հավելեց պարոն Հարությունյանը,-որ բուհերի ընդունելության քննությունների արդյունքում հավասար միավորներ ստանալու դեպքում, դրական ելք են ապահովվել այն դիմորդների համար, ովքեր «Սահմանադրություն եւ իրավունք» ուսանողական եւ աշակերտական Հանրապետական օլիմպիադաներում ունեցել են հաղթողի վկայականներ»։
     Պարոն Հարությունյանը պարգեւներ հանձնեց՝ որպես դատարան հանդես եկած առաջին տեղ գրաված Երեւանի պետական համալսարանի 2-րդ ուսանողական, դիմող՝ Երեւանի թիվ 1 աշակերտական, պատասխանող՝ Սյունիքի մարզի աշակերտական թիմերին։ Նրանց համար նախատեսված էին հատուկ դիպլոմներ եւ դրամական պարգեւներ։
    Երեւանի պետակական համալսարանի թիվ 2 ուսանողական թիմին հանձնելով Սահմանադրական դատարանի հատուկ մրցանակը, Գ. Հարությունյանը ուսանողներին հորդորեց. «Մենք փորձում ենք մեր ապագան տեսնել նաեւ ձեզանով, թե վիրտուալ ո՞ր սահմանադրական դատարանը հետո կդառնա իրական սահմանադրական դատարան»։ Ուսանողներին տրվող ծրարներում այնպիսի նյութեր էին, որ նրանց ուղեկցելու են ամբողջ կյանքում՝ աշխարհի 146 երկրների սահմանադրությունների խտասկավառակը, «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը եւ ժամանակի մարտահրավերները» մենագրությունը՝ հեղինակի ընծայագրով, երեւանյան միջազգային խորհրդաժողովների քառալեզու տարեգրքերը։
    ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը դիպլոմներ հանձնեց մրցույթում 2-րդ տեղ զբաղեցրած՝ դիմող կողմ հանդես եկած Շիրակի մարզի եւ պատասխանող կողմ՝ Գեղարքունիքի աշակերտական թիմերին, որպես դատարան հանդես եկած ուսանողական թիմ՝ Արցախի պետական համալսարանի ուսանողներին։
     Մրցույթում մրցանակային 3-րդ տեղը գրավեցին. որպես վիրտուալ դատարան՝ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողական, որպես դիմող կողմ՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտական, որպես պատասխանող կողմ՝ «Անանիա Շիրակացի» կրթահամալիրի աշակերտական թիմերը։ Մրցանակները նրանց հանձնեց ՀՀ Իրավաբանների միության նախագահ Գագիկ Ղազինյանը։
     Սահմանադրական դատարանի նախկին անդամ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի անվան մրցանակի արժանացավ Ռուս-հայկական /Սլավոնական/ համալսարանի ուսանողուհի Աննա Օգանեսյանը։
     «Մարդու իրավունքների իմացության համար» հատուկ մրցանակը կառավարման ակադեմիայի ուսանողական թիմին հանձնեց ՀՀ մարդու իրավունքներ պաշտպան Արմեն Հարությունյանը։
     Օրենքի իմացության հարցում լավագույն գիտելիքներ դրսեւորած թիմ ճանաչվեց եւ ՀՀ գլխավոր դատախազության սահմանած մրցանակին արժանացավ Ստեփանակերտի թիվ 15 ավագ դպրոցի աշակերտական թիմը։
    «Սահմանադրություն եւ իրավունք» ուսանողական եւ աշակերտական Հանրապետական օլիմպիադայի մտահղացման հեղինակ, օլիմպիադայի կազմկոմիտեի պատվավոր նախագահ Գագիկ Հարությունյանը ամփոփեց 7-րդ օլիմպիադայի աշխատանքները՝ հույս հայտնելով, որ ավանդույթը շարունակվելու է՝ Հանրապետության բոլոր մարզերի եւ Արցախի դպրոցներում նախնական փուլերով եւ եզրափակիչ մրցույթով։ Նա կարեւորեց օլիմպիադան, որը նոր մտածողություն է ձեւավորում, մարդկային որակները լավագույնս դրսեւորելու հնարավորություն տալիս։
    Հանդիսությունն ավարտվեց ճեմարանի սաների ներկայացրած գրական-գեղարվեստական հանդեսով։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2 | 3 | 4

11 մայիսի 2010թ.

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 15-ԱՄՅԱԿԻՆ

Առաջին օր

    Շարունակվում են միջոցառումները՝ նվիրված ՀՀ Սահմանադրության ընդունման 15-ամյակին։ Մայիսի 10-ին «Անանիա Շիրակացի» կրթահամալիրում կայացավ «ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ» ուսանողական եւ աշակերտական Հանրապետական 7-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի հանդիսավոր բացումը։
    Կրթահամալիրի սաների ուժերով ցուցադրվեց գրական-երաժշտական կոմպոզիցիա՝ բեմում կերպավորված էին Օրենքը, Ազատությունը եւ Պատասխանատվությունը։ Այս երեքի երկխոսությունը երկրի Հիմնական օրենքի, մարդու հիմնարար ազատությունների ու հասարակության հանդեպ անձի ունեցած պատասխանատվության շուրջ էր. ներկայացվում էին այն հիմնական խնդիրները, որոնք դառնալու են նաեւ եզրափակիչ փուլի վիրտուալ դատավարությունների հիմնական թեմաներ։
    Հընթացս ցուցադրվեց հայ իրավական մտքի պատմությունը, ՀՀ Սահմանադրության՝ մարդու իրավունքներին առնչվող մի շարք հոդվածները, ՀՀ սահմանադրական դատարանը համառոտ ներկայացնող տեսաֆիլմ։ Օլիմպիականներին որպես հորդոր՝ տեսաֆիլմում հնչում էր Օլիմպիադայի կազմկոմիտեի պատվավոր նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքը. «Հզոր եւ կայուն պետություն ու պետականություն ունենալու համար առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ իրավազուրկ չլինեն, անհրաժեշտ է, որ հասարակական գոյը հստակ կանոնակարգված լինի, եւ մենք ազատ լինենք՝ օրենքի գերին մնալով։ Մենք պարտավոր ենք մեր ժառանգներին այնպիսի մի երկիր փոխանցել, որտեղ ամեն ինչի հիմքում դրված է իրավունքի գերակայությու... Եթե կարողանաք հասնել դրան՝ մենք մեր պարտքը կհամարենք կատարած։ Հակառակ պարագայում սերունդները մեզ չեն ների մեր բացթողումների համար»։
     Բեմի եւ դահլիճի համադրության մի հետաքրքիր դրվագ էր, երբ թիմերից բեմ հրավիրվեցին մեկական մասնակիցներ, ովքեր, արտահայտելով թիմերի ընդհանրական կարծիքները, նոր օրենքների ընդունման մեկական առաջարկ ներկայացրին։ Դրանք վերաբերում էին երիտասարդ սերնդի հնարավորությունների ընդլայնմանը, տարբեր բացասական երեւույթների հաղթահարմանը, ընդհուպ մինչեւ մի նոր օրենքի ընդունում՝ անտարբերության մասին։
    Երեխաների անկաշկանդ մտածողության, նրանց ակտիվության խրախուսանքով էլ ողջույնի իր խոսքն սկսեց Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը. «Ավանդաբար անցկացվող այս օլիմպիադաները հաճախ մասնագիտական կողմնորոշան ուղեցույց են եղել, վկայությունը՝ նախկին օլիմպիականների այսօր պետական ծառայություններում նկատելի տեղ ու դիրք ունենալը։ Այս օլիմպիադաներում աշակերտներն ու ուսանողները ամենայն ակտիվ ու որոշակի դիրքորոշմամբ փորձում են սահմանադրականության խնդիրներ հիմնավորել, հրաշալի երեւակայություն դրսեւորել։ Պատահական չի ընտրված օլիմպիադայի խորագիրը՝ «Սահմանադրություն եւ իրավունք»։ Մեր նախնիները դարեր առաջ փորձել են գեղեցիկ բանաձեւում տալ՝ Սահմանադրությունը համարելով «Որոշումն սահմանաց եւ Տեսչություն վերին»։ Այսինքն՝ բարձրյալի արժեքներն են դրվում այն կանոնակարգման հիմքում, որը մարդկությանը տալիս է ապրելու բոլորովին այլ մշակույթ։ Հետեւաբար, միշտ նկատի պետք է առնել, որ Սահմանադրությունը գիտակցված, իմաստավորված համակեցության մշակույթ է»։
    Օլիմպիադայի եզրափակիչ փուլի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը։
    ՀՀ օրհներգի հնչյունների տակ բարձրացվում է Հանրապետության դրոշը, եւ Հանրապետական 7-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը հայտարարվում է բացված։

Նկարներ 1 | 2

Երկրորդ օր

    Մայիսի 11-ին Հանրապետական 7-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի մասնակիցները հյուրընկալվեցին ՀՀ սահմանադրական դատարանում։ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի հետ հանդիպմանն ուսանողներն ու աշակերտները ծանոթացան Սահմանադրական դատարանի ստեղծման տարեգրությանն ու գործունեությանը, մեր երկրում մարդու իրավունքների ապահովման ու պաշտպանության գործում սահմանադրական արդարադատության դերին, պետության լիարժեք քաղաքացի ունենալու անհրաժեշտությանն ու այն խնդիրներին, որոնց լուծման գործում նաեւ այսօրվա օլիմպիականների ներդրումն է պահանջվելու։

Նկարներ 1 | 2

    Կրթահամալիրի դահլիճում սկսվեցին եզրափակիչ փուլի վիրտուալ դատավարությունները։ Դրանք կշարունակվեն նաեւ վաղը՝ մայիսի 12-ին, իսկ երեկոյան՝ ժամը 19-ին, տեղի կունենա Հանրապետական 7-րդ օլիմպիադայի հանդիսավոր փակումը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 7-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

Մայիսի 10-ին, ժամը 19-ին «Անանիա Շիրակացի» կրթահամալիրում (Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյանի փողոց 35), կկայանա «ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ» ուսանողական եւ աշակերտական Հանրապետական 7-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի բացումը։
Ավանդաբար կազմակերպվող օլիմպիադան այս տարի նվիրված է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 15-ԱՄՅԱԿԻՆ։
Կազմակերպիչներն են՝ ՀՀ Սահմանադրական դատարանը, ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոնը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը՝ աջակցությամբ ՀՀ իրավաբանների միության, «Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Բոյաջյանի (ԱՄՆ)։
Օլիմպիադայի բացմանը ողջույնի խոսքերով հանդես կգան ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանը։
Օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցում են ուսանողներ Երեւանի պետական, Արցախի պետական, Հայաստանում ֆրանսիական, Ռուս-հայկական /Սլավոնական/ համալսարաններից, Կառավարման պետական ակադեմիայից, «Գլաձոր» համալսարանից, աշակերտներ Երեւանի, Հանրապետության բոլոր մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարբեր դպրոցներից։
Վիրտուալ դատավարությունների Օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն մայիսի 12-ին, ժամը 19-ին։

Համակարգող հեռախոսներ՝ 64 01 02, /039/-40 15 46, 58 81 25

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2

«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ» ուսանողական եւ աշակերտական Հանրապետական 7-րդ օլիմպիադայի ծրագիրը

 


[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ աշխատակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային կապեր] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [Աշխատանք ՍԴ-ում] [Գնումներ] [Բյուջե] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]