Միջազգային համագործակցություն |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Գործառույթներ
Սահմանադրական դատարանն իր ձևավորման առաջին իսկ տարվանից ակտիվ ու մասնակցային մոտեցում է ցուցաբերում միջազգային համագործակցությանը և գործընկեր դատարանների, վերպետական դատարանների ու միջազգային կազմակերպությունների հետ երկխոսության ու փոխշահավետ ծրագրերի զարգացմանը:
Սահմանադրական դատարանի միջազգային գործունեության նպատակներից է սահմանադրական արդարադատության ոլորտի միջազգային մասնագիտացված կազմակերպություններում և գործընթացներում Հայաստանի Հանրապետության ներկայացվածության ապահովումը, բարեկամ և գործընկեր երկրների սահմանադրական դատարանների հետ համագործակցության առավել ամրապնդումը, միջազգային մասնագիտացված կազմակերպությունների կողմից Սահմանադրական դատարանի դիրքորոշումների ընկալման ապահովումն ու դրանց աջակցության ցուցաբերումը:
Իր միջազգային գործունեության շրջանակներում Սահմանադրական դատարանը հյուրընկալում է խորհրդաժողովներ ու աշխատաժողովներ, որոնք միտված են կարծիքների ու լավագույն փորձի փոխանակմանը և սահմանադրական արդարդատության ոլորտին վերաբերելի արդի հիմնահարցերին: Միաժամանակ Սահմանադրական դատարանի դատավորները և աշխատակազմի ներկայացուցիչները հաճախակի մասնակցում են տեղական և միջազգային թեմատիկ աշխատաժողովների ու խորհրդաժողովների աշխատանքներին՝ նվիրված սահմանադրական իրավունքին:
Սահմանադրական դատարանն ակտիվորեն ներգրավված է մի շարք միջազգային ու տարածաշրջանային մասնագիտական կազմակերպությունների աշխատանքներում: Նպատակ հետապնդելով իր միջազգային գործընկերներին ապահովել իր որոշումների և աշխատանքների լուսաբանմամբ՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմն իրականացնում է իր դոկտրինալ և հանրային կարևորություն ներկայացնող որոշումների, ինչպես նաև մամուլի հաղորդագրությունների թարգմանություն՝ անգլերեն և ռուսերեն, որոնք հասանելի են Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի համապատասխան բաժիններում:
Սահմանադրական դատարանի միջազգային համագործակցությանը և արտաքին կապերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու կամ համագործակցության առաջարկներ ներկայացնելու համար խնդրում ենք ուղղել Ձեր հարցերը intrel@concourt.am էլ-փոստին:
Անդամակցություն միջազգային կազմակերպություններին
ԵԽ Վենետիկի հանձնաժողով
Իր միջազգային գործունեության շրջանակներում 1996 թվականին Սահմանադրական դատարանն աշխատանքային կապեր է հաստատել Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի հետ (Վենետիկի հանձնաժողով) և առ այսօր արդյունավետորեն մասնակցում է դրա «Սահմանադրական արդարադատության միասնական խորհրդի» աշխատանքներին: ԵԽ Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության շրջանակներում Սահմանադրական դատարանը ներկայացնում է իր որոշումների անգլերեն և ֆրանսերեն ամփոփագրերը CODICES միասնական շտեմարանում, ինչպես նաև Լիազոր ներկայացուցիչների միջոցով մասնակցում է Կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքներին:
ԵԽ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայք՝ https://www.venice.coe.int/webforms/events/
CODICES միասնական շտեմարան՝ http://www.codices.coe.int/NXT/gateway.dll?f=templates&fn=default.htm
Եվրոպական սահմանադրական դատարանների խորհրդաժողով
2000 թվականից ի վեր Սահմանադրական դատարանն անդամակցում է Եվրոպական սահմանադրական դատարանների խորհրդաժողով կազմակերպությանն ու հանդիսանում է եվրոպական սահմանադրական դատարանների ընտանիքի լիիրավ անդամ: Եվրոպական սահմանադրական դատարանների խորհրդաժողովը հիմնադրվել է 1972 թվականին Դուբրովնիկ քաղաքում, և այսօր դրա աշխատանքներին մասնակցում են 40 սահմանադրական կամ համարժեք իրավազորությամբ ու սահմանադրական վերահսկողություն իրականացնող եվրոպական ազգային դատարաններ: Կազմակերպությունը խթանում է իր անդամների շրջանում սահմանադրական վերահսկողության միասնական մեթոդաբանության ամրապնդումը ու սահմանադրական արդարադատության իրականացման պրակտիկայի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև նպաստում է սահմանադրական արդարադատության ոլորտում ինստիտուցիոնալ, կառուցվածքային և գործնական խնդիրների վերաբերյալ կարծիքների փոխանակմանը:
Պաշտոնական կայք՝ https://www.cecc2017-2020.org/
Սահմանադրական վերահսկողության մարմինների եվրասիական ընկերակցություն
1997թ. հոկտեմբերին Հայաստանի սահմանադրական դատարանի առաջարկությամբ հետխորհրդային տարածքում հիմնադրվեց «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանս» միջազգային կազմակերպությունը, որը ներկայումս կրում է Սահմանադրական վերահսկողության մարմինների եվրասիական ընկերակցություն անվանումը: Ընկերակցության գործունեության նպատակներն են սահմանադրական արժեքների ամրապնդման խթանումը, միջդատարանական մշտական երկխոսության ապահովումը և սահմանադրության գերակայության երաշխավորման հարցերի վերաբերյալ փորձի փոխանակումը: Ընկերակցության անդամ են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի սահմանադրական վերահսկողություն իրականացնող մարմինները: Ընկերակցության քարտուղարությունը հրատարակում է «Սահմանադրական արդարդատություն» միջազգային տեղակագիրը, որի խմբագրական խորհուրդը ներառում է
Ընկերակցության բոլոր անդամ մարմինների ներկայացուցիչների:
Պաշտոնական կայք՝ http://ksrk.gov.kz/ru/category/evraziyskaya-associaciya-organov-konstitucionnogo-kontrolya
Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողով
Կարևորելով համաշխարհային մակարդակում դատարանների միջև շարունակական երկխոսությունը՝ Հայաստանի սահմանադրական դատարանը 2011 թվականի սեպտեմբերի 24-ից Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի անդամ է: Այս միջազգային կազմակերպությունը միավորում է 117 սահմանադրական դատարաններ, խորհուրդներ և գերագույն դատարաններ՝ Աֆրիկայում, Ամերիկայում, Ասիայում, Ավստրալիայում/ Օվկիանիայում և Եվրոպայում: Կազմակերպությունը խթանում է սահմանադրական արդարադատության իրացումը, ներառյալ սահմանադրական վերահսկողության իրականացումը, ինչպես նաև նպաստում է մարդու իրավունքների պաշտպանությանը և իրավունքի գերակայության ամրապնդմանը:
Պաշտոնական կայք՝ https://www.venice.coe.int/WebForms/pages/
ՄԻԵԴ ԲԱՐՁՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑ
Առաձնահատուկ կարևորելով վերպետական դատարանների հետ արդյունավետ համագործակցությունը՝ Սահմանադրական դատարանը 2016 թվականից անդամակցում է ՄԻԵԴ-ի բարձր դատարանների ցանցին: Այս հարթակի աշխատանքները մեկնարկել են 2015 թվականին Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից ԵԽ նախարարների կոմիտեում բելգիական նախագահության շրջանակներում Բրյուսելյան խորհրդաժողովի շրջանականերում ընդունած Հռչակագրի արդյունքում: Հարթակի նպատակն է խթանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շուրջ երկխոսությունը և նպաստել դրա արդյունավետ կիրարկմանը, ինչպես նաև աջակցել ազգային բարձր դատարանների և ՄԻԵԴ-ի միջև կապերի զարգացմանը: Հարթակի շրջանակներում հաճախակի իրականացվում են գիտապրակտիկ միջոցառումներ ու քննարկումներ, ինչպես նաև տեղի է ունենում լավագույն եվրոպական փորձի փոխանակում:
Պաշտոնական կայք՝ https://www.echr.coe.int/Pages/home.aspx?p=court/dialoguecourts/network
Էջի սկիզբ
|