Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

ՍԴ կառուցվածքը

arrowՍԴ նախագահ
arrowՍԴ դատավորներ
arrowԱշխատակազմի ղեկավար
arrowԱշխատակազմի ղեկավարի տեղակալ
arrowԻրավախորհրդատվական վարչություն
arrowՓորձագիտական-վերլուծական բաժին
arrowՄիջազգային պայմանագրերի բաժին
arrowԱնհատական դիմումների վերլուծության բաժին
arrowԱրձանագրային բաժին
arrowՏեղեկատվական և ծրագրային ապահովման բաժին
arrowԹարգմանչական և հրատարակչական բաժին
arrowԸնդհանուր բաժին
arrowՀաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժին
arrowՏնտեսական բաժին
arrowԳրադարան
arrowՄամուլի քարտուղար
arrowԿադրերի տեսուչ
arrowԱնցագրային

 

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի ելույթները և ուղերձները

5 հուլիսի 2021թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ուղերձը Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,

 

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ։

Սահմանադրությունն ինքնին որոշակի հասարակական դաշինքի դրսևորում է, որը խարսխված է տվյալ հասարակության անդամների փոխհամաձայնության վրա: Ժողովրդավարական պետությունում Սահմանադրությունն արժեքների, սկզբունքների, հակակշիռների ու փոխզսպումների համակարգ նախատեսող ակտ է, հանրային կյանքի կազմակերպման և տնտեսական բարգավաճման ուղեցույց: Մեր Սահմանադրությունն արտացոլում է այն ժողովրդավարական ու համամարդկային արժեքները, որոնց առաջնային երաշխավորողը մենք ենք՝ որպես անհատներ, և այն նվիրական նպատակները, որոնց ձգտում է մեր հասարակությունը: Սահմանադրությունը երաշխավորում է այն բոլոր ազատությունները և իրավունքները, որոնցից առօրյա կյանքում՝ անձնական և հանրային գործունեության տարբեր բնագավառներում օգտվում է մեզնից յուրաքանչյուրը։

Մայր օրենքի նախաբանն ամրագրել է հայ ժողովրդի նվիրական ձգտումը՝ հզորացնել ինքնիշխան պետականությունը, ապահովել սերունդների ազատությունը և քաղաքացիական համերաշխությունը։ Կարծում եմ, որ Անկախության հռչակագրում ու Սահմանադրության նախաբանում հաստատագրված սկզբունքներն ու համազգային նպատակները պետք է լինեն այն բարոյական և իրավաքաղաքական կարևոր ուղենիշը, որն այսօր առավել քան երբևէ պետք է ծառայի որպես մեր հասարակական կյանքի ու քաղաքացիական համերաշխության ապահովման առանցքային ելակետ։ Ուստի յուրաքանչյուրիս առաքելությունը պետք է լինի ոչ միայն Սահմանադրությամբ ամրագրված արժեքների և համազգային նպատակների ճանաչումը, այլև դրանք մեր ամենօրյա կյանքի ու կենսակերպի բաղկացուցիչ տարր դարձնելը:

Այս օրը լավ հնարավորություն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին վերաիմաստավորի Սահմանադրության, ինքնիշխան պետականության և ազգային միասնականության բարձր արժեքը։ Հենց այդ վերաիմաստավորումը պետք է լինի մեր Հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, սերունդների ազատությանը և ընդհանուր բարեկեցությանը հասցնող ուղին։

Աստված պահապան մեր Հայրենիքին և բոլորիս։

 

ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆ

Սահմանադրական դատարանի նախագահ

6 փետրվարի 2021թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ուղերձը Սահմանադրական դատարանի հիմնադրման 25-րդ տարեդարձի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,

 

Այսօր լրանում է Սահմանադրական դատարանի հիմնադրման 25-րդ տարեդարձը: 1996 թվականի հենց այս օրերին կազմավորվեց և իր առաքելությունն ստանձնեց Սահմանադրական դատարանի առաջին դատական կազմը: Այդ օրերին ոչ միայն կյանքի կոչվեց 1995թ. հուլիսի 5-ի Սահմանադրությամբ նախատեսված սահմանադրական նոր մարմնի գործունեությունը, այլև Հայաստանի Հանրապետությունում դրվեց սահմանադրական արդարադատության հիմքը:

Այսօր առավել քան երբևէ առաջնային է մեր պետության ժողովրդավարական հաստատությունների կարողությունների և արդյունավետության շարունակական զարգացումը: Միաժամանակ, Սահմանադրությունը ոչ միայն իրավունքներ և պարտականություններ սահմանող իրավաքաղաքական մայր փաստաթուղթ է, այլև յուրաքանչյուր ժողովրդավարական պետությունում արժեբանություն, արժեհամակարգ և սահմանադրական մշակույթ ձևավորող կարևորագույն գործոն: Այս համատեքստում Սահմանադրական դատարանի ուղենիշն է ոչ միայն մայր օրենքի՝ Սահմանադրության գերակայության ապահովումը, այլև ժողովրդավարական պետությանը արժանավայել սահմանադրական մշակույթի և իրավահարաբերությունների երաշխավորումը: Օրեցօր ավելի բարդ ու նոր փոփոխություններով ապրող աշխարհում իրավունքի գերակայության և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հասարակությունն է ամուր ու ժամանակակից պետություն ունենալու լավագույն երաշխիքը:

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Օգտվելով հնարավորությունից՝ երախտիքի խոսքս եմ հղում առանձնապես նրանց, ովքեր վերջին 25 տարիների ընթացքում տարբեր կարգավիճակներում իրենց նվիրված աշխատանքով ավանդ ու ներդրում են ունեցել Սահմանադրական դատարանի կայացման գործում: Վստահ եմ, որ այս պարտավորեցնող տարեդարձի գիտակցմամբ կտոգորվենք ավելի բարձր պատասխանատվությամբ մեր անցյալի, այս օրվա և ապագայի նկատմամբ:

 

Աստված պահապան մեր Հայրենիքին և ամենքիս։

 

ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

31 դեկտեմբերի 2020թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ,

 

Հայ ժողովրդի համար այս տարին լի էր բազում դժվարություններով ու աննախադեպ փորձություններով: Կորցնելով իրենց սիրելիներին՝ այսօր շատ ընտանիքներ դիմավորում են Ամանորը և Սուրբ ծննդյան տոները դառը վշտի և սգո պայմաններում: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայ ժողովրդին պարտադրված պատերազմը խլեց հազարավոր խիզախ հայորդիների կյանքեր, խեղաթյուրեց մեր առօրյան և սպառնալիքի տակ դրեց մեր համահայկական իղձերը:

Այսօր խոնարհվում ու հարգանքի տուրք եմ մատուցում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության ու խաղաղության համար իրենց կյանքը նվիրաբերած յուրաքանչյուր զինվորի առջև՝ շարքայինից ու կամավորականից մինչև սպա, պահեստազորայինից մինչև թիկունքի պատասխանատուներ ու բժշկական ծառայություն իրականացնողներ: Ձեր սխրանքն ու հերոսությունը հիրավի անգին են:

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Միաժամանակ, 2020 թվականը նշանավոր եղավ համաշխարհային նոր համավարակի՝ Կորոնավիրուսի աննախադեպ տարածմամբ և մեծ մարդկային կորուստներով, որոնցից անմասն չմնաց նաև Հայաստանը: Վշտակցում եմ համավարակի պատճառով իրենց հարազատներին կորցրած բոլոր ընտանիքներին: Ամանորյա այս օրերին ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալության խոսքեր հղել առողջապահական առաջնագծում կանգնած մեր բոլոր բժիշկներին և ոլորտի այն աշխատողներին, որոնք այս համավարակի պայմաններում են դիմավորում Ամանորը՝ աշխատանքային պարտականությունները կատարելով:

 

Հարգելի՛ հայրենակիցներ,

 

Հեռացող տարին նաև առանցքային էր Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ զարգացման տեսանկյունից՝ հաշվի առնելով երկրում տեղի ունեցած սահմանադրական վերջին փոփոխությունները և Սահմանադրական դատարանի դերը պետական կառավարման համակարգում: Այսօր Սահմանադրական դատարանն անշեղորեն կատարում է իր հիմնական առաքելությունը՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը Հայաստանի Հանրապետությունում: Վստահ եմ, որ նոր տարում Սահմանադրական դատարանը ոչ միայն կշարունակի իրականացել սահմանադրական արդարադատություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, այլ նաև կստեղծվեն պատեհ հնարավորություններ և պարարտ հող քաղաքացիների շրջանում Բարձր դատարանի հեղինակության հետագա բարձրացման ու ամրապնդման համար, ինչը կնպաստի նաև, ընդհանուր առմամբ, դատական համակարգի հանդեպ վստահության մթնոլորտի կայունացմանը:

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Թեև այս տարի ավանդական տոնական տրամադրությունը ստվերված է տարաբնույթ խնդիրներով, սակայն պետք է քաջ գիտակցենք, որ այս օրերին առավել քան երբևէ այժմեական է հիշել ու հոգ տանել մեր ընտանիքների, ընկերների ու մտերիմների համար: Նման բարդ պայմաններում յուրաքանչյուր ջերմ ու սրտաբուխ խոսք ավելի արժեքավոր է, քան երբևիցե։ Նման բարդ պայմաններում յուրաքանչյուրիս պարտականությունն է լինել միասնական և համախմբված:

 

Թող 2021 թվականն իր հետ բերի խաղաղություն, առողջություն, բարեկեցություն և ապագայի հանդեպ անկոտրում հավատ:

 

ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

21 սեպտեմբերի 2020թ. | Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ,

 

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

 

Սահմանադրական դատարանի անունից ջերմագին շնորհավորում եմ Ձեզ մեր ամենանվիրական տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Հայ ժողովրդի համար այս առանձնահատուկ և հիրավի պատմական օրը ցանկանում եմ, նախևառաջ, հարգանքի տուրք մատուցել մեր պետականության և անկախության կայացման դժվարին ճանապարհին իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հերոսներին:

Դարեր շարունակ անկախ պետականությունը հայ ժողովրդի բաղձալի իղձն է եղել, և այսօր առավել քան երբևէ, յուրաքանչյուր հայ գիտակցում է անկախության ձեռքբերման ծանր գինը և այն պահպանելու գործում իր պատասխանատվությունը:

Վստահ եմ, որ ունենալով իրավունքի ու Սահմանադրության գերակայության վրա խարխսված հասարակություն և հավատարիմ մնալով մեր արժեհամակարգին՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցների հետ միասնաբար արձանագրելու ենք նորանոր ձեռքբերումներ կյանքի բոլոր բնագավառներում:

Կեցցե՛ անկախ Հայաստանի Հանրապետությունը:

 

ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԱՏԱՐՈՂ

 

2 սեպտեմբերի 2020թ. | Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանի ուղերձը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության անկախության 29-ամյակի առթիվ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

Մեծարգո՛ պարոն Հարությունյան,

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բոլոր արցախցիներին Արցախի անկախության հռչակման օրվա առթիվ:

Արցախի Հանրապետության անկախության հռչակման պատմական այդ օրվանից անցել է 29 տարի, և ազատ ու անկախ Արցախն այսօր կայացած քաղաքական, իրավական և պատմական իրողություն է: Այս տարիների ընթացքում Արցախը կարողացավ ստեղծել ու կայացնել պետական ինստիտուտներ, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման համար բարենպաստ պայմաններ, տնտեսական ներուժի արդյունավետ իրացման հնարավորություններ:

Խոնարհվելով Արցախի անկախության ու ազատության համար մարտնչած հայորդիների առջև, միաժամանակ արտահայտելով իմ երախտիքը բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդն ու ներդրումն են ունեցել Արցախի Հանրապետության պաշտպանության, ժողովրդավարության ու պետականաշինության գործընթացում, մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, խաղաղ երկինք և ամուր ու անառիկ սահմաններ:

 

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը։

 

Հարգանքով՝

 

ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԱՏԱՐՈՂ

 

28 մայիսի 2020թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:

 

Դժվար է գերագնահատել օրվա խորհուրդը. անկախ պետականության վերականգնում, վերածնունդ, հայ ազգի հերոսական կերպարի արտացոլում, նոր փորձություններին որպես պետականորեն կազմակերպված ազգ դիմագրավելու մեկնարկ, նոր սկիզբ։

 

Պարույր Սևակն ասում էր. «․․․սերունդներ, Դուք ձեզ ճանաչե՛ք Սարդարապատից»։

 

Իմ խորին համոզմամբ, նշվածը ոչ միայն անցյալը ճանաչելու, այլև փառահեղ անցյալի գիտակցմամբ ու նշանավորմամբ ներկան ստեղծելու ու ապագան կերտելու մասին է։ Ապագա, որը պիտի լինի մեր ժողովրդինը՝ լուսավոր, միասնական և հզոր Հայրենիքով, ամուր պետականությամբ։

 

Կեցցե՛ անկախ և հզոր Հայաստանի Հանրապետությունը։

 

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

8 մայիսի 2020թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մայիսյան եռատոնի՝ Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա առթիվ:

Կասկածից վեր է, որ հայ ժողովուրդը իր վճռորոշ և ուրույն դերակատարությունն ու ներդրումն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի կերտման գործում: Այսօր մենք ոգեկոչում ու մեծարում ենք մեր քաջարի հայրենակիցներին՝ մեզանից շատերի ծնողներին, պապիկներին ու տատիկներին, ովքեր քաջաբար պայքարել են աշխարհամարտի ռազմաճակատներում և թիկունքում, խոնարհվում ենք Հայրենական պատերազմում բոլոր զոհվածների հիշատակի առջև, և, իհարկե, միասնաբար տոնում ենք մեծ հաղթանակի 75-րդ տարեդարձը։

Միաժամանակ, խիստ խորհրդանշական կերպով 1992 թվականին մայիսի 9-ը հայ ժողովրդի համար նշանավորեց ևս մեկ մեծ հաղթանակով, ի դեմս Շուշիի ազատագրմամբ և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորմամբ: Շուշիի ազատագրումը, հիրավի, համահայկական հաղթանակ և վերածնունդ էր, որով ի լուր աշխարհի հայտարարվեց, որ հայ ժողովուրդն անկոտրում ու միասնական է իր գոյամարտում, իր անվտանգության ու խաղաղության համար պայքարում։

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Եռատոնի առթիվ և մաղթում եմ, որ մեր հերոսական հաղթանակները լինեն անշրջելի, իսկ ձեռքբերումները՝ ամուր ու հարատև:

Խաղաղ երկինք և բարգավաճում հայկական երկու պետություններին:

 

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

7 ապրիլի 2020թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը Ապրիլի 7-ի առթիվ

Սիրելի կանայք,

 

ՀՀ սահմանադրական դատարանի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս հայտնելու մեր գնահատանքն ու երախտագիտությունը, բարձրաձայնելու մեր զգացմունքները մեր մայրերին, տատիկներին, քույրերին ու դուստրերին։

Միաժամանակ, ապրիլի 7-ն ընտանեկան արժեքները կարևորելու, մայրությունն ու գեղեցկությունը նորովի մեծարելու օրն է։ Կասկածից վեր է, որ Հայ կինը և նրա մարմնավորած կերպարը մշտապես եղել է յուրաքանչյուր ընտանիքի հենասյունը և հենքը։

 

Սիրելի կանայք,

 

Կրկին շնորհավորելով Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ` մաղթում եմ քաջ առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն և ամենօրյա գործնական հաջողություններ: Ցանկանում եմ նաև հատուկ շնորհավորական խոսքեր հղել կին բուժաշխատողներին, ինչպես նաև հանրային առողջության և անվտանգ կյանքի կազմակերպման գործում ակտիվորեն ներգրավված կանանց, ովքեր անգամ այս տոնական օրը շարունակում են պատվով կրել իրենց ծառայությունն ու առաքելությունն ի բարօրություն մեր հասարակության։

 

Հարգանքով՝

 

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

16 մարտի 2020թ. |

Սիրելի՜ հայրենակիցներ,

 

Ի երախտագիտություն այս օրերին մեր բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի՝ որոշել եմ այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել մեր բուժաշխատողներին։

Սա երախտագիտության փոքրիկ քայլ է, որը թեև խորհրդանշական բնույթ է կրում, բայց շատ կարևոր խորհուրդ ունի: Սեփական կյանքը վտանգելու գնով մեր ազգաբնակչության առողջապահության մասին գիշեր-ցերեկ հոգ տանող մասնագետները պետք է գնահատված զգան իրենց: Իմ խորին համոզմամբ՝ սա է հաջող աշխատանքի գրավականը։

Կասկած չունեմ, որ մեր միասնականության, միմյանց քաջալերելու, նեցուկ լինելու և վճռականության շնորհիվ այս փորձությունը ևս մոտ ապագայում դառնալու է անցյալ։

Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին։

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

20 փետրվարի 2020թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը Արցախի Վերածննդի օրվա առթիվ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Սահակյան,

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անունից թույլ տվեք ջերմորեն շնորհավորել Ձեզ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ:

Այս օրը խիստ խորհրդանշական է Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության և համայն հայության համար, քանզի այն հանդիսացավ համազգային զարթոնքի հիմք և ազգային ինքնության գիտակցման նորացված ալիքի մեկնարկ: Այդ ալիքը հետզհետե թափ առնելով և հզորանալով՝ հանգեցրեց Արցախյան գոյապայքարում հայկական մեծ հաղթանակի, որի արդյունքում ձևավորվեց ժողովրդավարական և ինքնիշխան Արցախի Հանրապետությունը:

Կարևորելով օրվա խորհուրդը՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և Արցախի հայությանը ու մաղթում խաղաղություն, ամուր սահմաններ, ոգու ամրություն և նորանոր հաջողություններ Արցախի Հանրապետությունում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման գործում:

 

Հարգանքով՝

 

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

6 փետրվարի 2020թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձի առթիվ

Սիրելի հայրենակիցներ,

 

Այսօր՝ 2020 թվականի փետրվարի 6-ին լրանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձը:

Լինելով Սահմանադրության պահապանն ու սահմանադրականության ապահովման պատասխանատու՝ հիմնադրման օրից ի վեր Սահմանադրական դատարանն իր ամենօրյա գործունեությամբ ապահովել և շարունակում է ապահովել Սահմանադրության մեջ ամրագրված արժեքների, սկզբունքների, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների կյանքի կոչումն ու իրացումը Հայաստանի Հանրապետությունում:

Սահմանադրական դատարանի դատավորներն իրենց ամենօրյա անաչառ աշխատանքով նպաստում են Սահմանադրության կարևոր սկզբունքների՝ իրավունքի գերակայության ապահովմանը, օրենքի առջև հավասարության սկզբունքի իրացմանը և դրանով իսկ երաշխավորում են իրավական պետության կայացումը:

Թող բոլոր ժամանակներում Սահմանադրությունը ծառայի որպես իրավական պետության կարևորագույն փաստաթուղթ և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված լինի իրավունքի գերակայության ուժով:

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

28 հունվարի 2020թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ։ Այս խորհրդանշական օրը ոչ միայն լավ առիթ է ևս մեկ անգամ երախտիքի խոսք ասելու և շնորհավորելու մեր բոլոր զինծառայողներին՝ զինվորներին, սպաներին և գեներալներին, այլև վերհիշելու Արցախյան գոյամարտի, Հայաստանի սահմանների պաշտպանության, մեր երկրի անկախության և ազատության համար պայքարի ողջ փառահեղ տարեգրությունը, որի ամեն մի դրվագը հպարտության և հերոսության յուրօրինակ դրսևորում է։

Հայկական բանակը մեր ժողովրդի պայքարի և միասնական ջանքերի արդյունքն է, որի ամեն մի նոր հաջողության մեջ ամփոփված են մեր համազգային իղձերը, ժողովրդավար և օրենքի գերակայության երկիր ունենալու ձգտումները:

Այս օրը տոն է դարձել մեր ժողովրդի զավակների կյանքի գնով։ Հավերժ փառք Հայրենիքի պաշտպանության ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած մեր ժողովրդի քաջարի զավակներին։

Այս օրը տոն է մեր երկրի սահմաններն անառիկ պահող մեր զինվորների ու սպաների շնորհիվ: Ուժ և խաղաղ ծառայություն եմ մաղթում մեր բոլոր զինծառայողներին։

Աստված ձեզ պահապան, տղե՛րք:

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

30 դեկտեմբերի 2019թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Սիրելի հայրենակիցներ,

 

Հաշված ժամեր է մնացել, երբ մենք կտոնենք նոր՝ 2020 թվականի գալուստը, որին հաջորդելու են Սուրբ Ծննդյան գեղեցիկ և լուսավոր տոները։ Այն իր մեջ սիրո, բարության, փոխադարձ հարգանքի և վստահության, մի նոր արարումի խորհուրդ ունի։ Մաղթում եմ, որ 2020 թվականը Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար լինի խաղաղության, հաջողությունների, նոր նվաճումների տարի։ Թող Սուրբ Ծննդյան բարի ավետիսի հետ յուրաքանչյուր ընտանիք մտնի սերն ու ջերմությունը։

Մաղթում եմ նաև, որ անցյալին մնան բոլոր դժվարություններն ու անարդարությունները։ Վստահ եմ, որ նոր տարում մեր հասարակությունը, քաղաքացիական բարձր իրավագիտակցությամբ, ճանապարհ կհարթի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության համար։

 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

10 դեկտեմբերի 2019թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը Արցախի Հանրապետության Մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ

Հարգելի՛ պարոն Սահակյան,

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անունից շնորհավորում ենք Ձեզ Արցախի Հանրապետության Մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Սա լավ առիթ է ևս մեկ անգամ հիշելու և ընդգծելու Արցախի Հանրապետության կարևորագույն ձեռքբերումները՝ անկախության հանրաքվեից ի վեր, և փաստելու, որ երկիրն այսօր հիրավի կայացել է որպես լիարժեք ժողովրդավարական և իրավական պետություն՝ հիմնված մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների և իրավունքի գերակայության կարևորության խորը գիտակցման ու հարգանքի վրա:

Արցախի պետականության կայացման և ինքնորոշման ամրապնդման հարցում, անշուշտ, իր առանցքային դերակատարությունն է ունեցել Սահմանադրության ընդունումը՝ որպես երկրի սահմանադրաիրավական մի շարք ինստիտուտների ձևավորման հենք և ողնաշար, և ուստի անհնար է գերագնահատել այսօրվա խորհուրդն ու եռակի կարևորությունը Արցախի Հանրապետության համար:

Մաղթում ենք Ձեզ և Արցախի հայությանը անամպ երկինք, ամուր սահմաններ, ինչպես նաև անսահման կորով և կամք՝ պահպանելու ու զորացնելու ժողովրդավարական հիմնասյուներն ու իրավունքի գերակայությունը:

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

3 հոկտեմբերի 2019թ. |

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնած իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացը, ըստ էության, ունի քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նման հետևության են հանգեցնում այդ գործընթացին նախորդած և հաջորդած իրադարձությունները, մասնավորապես․

- վարչապետ Ն. Փաշինյանի 2019 թ․ մայիսի 19-ի կոչը դատարանների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի մուտքերը և ելքերն արգելափակելու մասին, որը մայիսի 20-ին իրականացվեց իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորների ակտիվ մասնակցությամբ,

- Սահմանադրական դատարանի գործող նախագահի պաշտոնավարման պարագայում, Ազգային ժողովի 2019 թ․ հունիսի 20-ի նիստում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վ. Գրիգորյանի «ինքնահռչակումը»՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ և Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության կողմից այդ քայլի անթաքույց սատարումը,

- Սահմանադրական դատարանի նախագահի, Սահմանադրական դատարանի դատավորների հետագա պաշտոնավարման վերաբերյալ իշխող քաղաքական ուժի պարբերաբար հնչեցրած սուբյեկտիվ մեկնաբանությունները, անձնավորված մոտեցումները, նախաձեռնությունները,

- վարչապետ Ն. Փաշինյանի կողմից ս․թ․ հուլիսի 17-ին «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում Սահմանադրական դատարանի և անձամբ իմ հասցեին արված անպարկեշտ արտահայտությունները և դատական իշխանության հեղինակությունը վիրավորող հայտարարությունները,

- Ազգային ժողովի նախագահ Ա. Միրզոյանի և վարչապետ Ն. Փաշինյանի՝ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումների վերաբերյալ 2019 թ․ սեպտեմբերի 16-ի հայտարարությունները և տրված գնահատականները,

- իմ անվան անհիմն վկայակոչումները՝ տարբեր անձանց նկատմամբ հարուցվող քրեական գործերով,

- Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վ. Վարդանյանի կողմից ինձ 2019 թ․ սեպտեմբերի 23-ին ուղղված պաշտոնական հրավերը՝ մասնակցելու հանձնաժողովի ս.թ․ հոկտեմբերի 24-ի նիստին, այն դեպքում, երբ այդ նիստն անցկացվել է ս.թ. սեպտեմբերի 24-ին, ինչը վկայում է խնդրի առարկա հարցի վերաբերյալ անկողմնակալ քննարկում անցկացնելու մտադրության բացակայության մասին։

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները նպատակահարմար չեմ համարում իմ մասնակցությունը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի նիստում որոշման նախագծի քննարկմանը։

Հայցում եմ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներողամտությունը՝ Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ժամանակ ինձ հարցեր ուղղելու հնարավորություն չտալու առնչությամբ։

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

21 սեպտեմբերի 2019թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ

Սիրելի հայրենակիցներ,,

 

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Սեպտեմբերի 21-ը ոչ միայն Անկախության օրն է, այլև հայի անկոտրում ոգու, ազգային միասնության, հզոր կամքի դրսևորման խորհրդանիշը:

Դարեր շարունակ, չունենալով պետականություն, մենք չենք կորցրել ազգային ինքնությունն ու արժեքները և այսօր աշխարհին ներկայանում ենք մեր ուրույն մշակույթով և հարուստ ավանդույթներով:

Հայաստանի Հանրապետության քսանութ տարիների անկախությունը հնարավորություն է ընձեռել դառնալ միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ և նվաճել հաղթանակներ հանրային կյանքի տարբեր ոլորտներում: Անկախության շնորհիվ մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրել նաև իրավունքի ոլորտում՝ երաշխավորելով Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքների և ազատությունների կյանքի կոչումն ու իրացումը Հայաստանի Հանրապետությունում։

Սիրելի՛ բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորելով այս նշանակալի տոնի առթիվ, մաղթում եմ խաղաղություն, առաջընթաց և բարօրություն մեր երկրին, իսկ յուրաքանչյուր քաղաքացու՝ մեծ ուրախություն և բազում հաջողություններ:

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

2 սեպտեմբերի 2019թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին Արցախի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի՛ պարոն Սահակյան,

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Արցախի Հանրապետության ողջ ժողովրդին անկախության 28-ամյակի առթիվ:

Այսօր կարելի է աներկբայորեն ասել, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին արցախահայության կողմից անկախ պետականության հռչակումը հայոց նորագույն պատմության կարևորագույն, առանցքային և վճռորոշ էջերից է: Անկախության և ազատության հանդեպ իր ձգտումը արցախցին ստիպված եղավ պաշտպանել ռազմի դաշտում, այնուհանդերձ՝ հայրենի Արցախն ի զորու եղավ արագ հառնել պատերազմի մոխիրներից, վերակառուցել ավերվածը և կայանալ որպես ազատ, իրավական ու ժողովրդավարական պետություն, որտեղ հարգվում են մարդու իրավունքներն և հիմնարար ազատությունները, իսկ իրավունքի գերակայությունը հռչակված է որպես հասարական և հանրային հարաբերությունների հենասյուն։

Սա նաև հրաշալի առիթ է հիշելու բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել Արցախի անկախությունը, ինչպես նաև նրանց, ովքեր այսօր էլ իրենց ամենօրյա աշխատանքով նպաստոմ են Արցախի Հանրապետության հզորացմանը և անվտանգության ամրապնդմանը, ժողովրդավարական հաստատությունների ու հանրային կառավարման համակարգի առավել ուժեղացմանը, տնտեսական վերընթաց ապահովմանը, հոգևոր, կրթական ու բազմադարյան մշակութային արժեքների պահպանմանը:

Օգտվելով հնարավորությունից՝ մեկ անգամ ևս շնորհավորում ենք Արցախի Հանրապետության ողջ ժողովրդին այս կարևորագույն պետական տոնի կապակցությամբ:

 

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը։

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

30 օգոստոսի 2019թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Մեծարգո պարոն Նախագահ,

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից թույլ տվեք ջերմորեն շնորհավորել Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ և անսպառ ուժ և կորով Արցախի Հանրապետության ղեկավարման անչափ պատասխանատու գործում:

Անհնար է գերագնահատել երկու հայկական հանրապետությունների միջև հարաբերությունների կարևորությունն ու երկուստեք ներդրվող Ձեր անկոտրում ջանքերը՝ դրանք ամուր պահելու համար: Ցանկանում եմ նաև առանձնակի կարևորել Ձեր ակտիվ և կառուցողական դերակատարումը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ի նպաստ ողջ հայության ներուժի համախմբման, շարունակական երկխոսության և բազմաշերտ ներգրավման:

 

Հարգելի Բակո Սահակի,

 

Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ հոբելյանի առթիվ և մաղթել երկար տարիների կյանք, ինչպես նաև խաղաղություն և անամպ երկինք Արցախի ու Արցախի ժողովրդի համար:

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

23 օգոստոսի 2019թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը ՀՀ անկախության մասին հռչակագրի ընդունման օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Սահմանադրական դատարանի անունից շնորհավորում եմ ՀՀ անկախության մասին հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:

Մոտ 30 տարի առաջ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունեց անկախության մասին հռչակագիրը, որով բյուրեղացավ անկախ պետականություն և ազգային պետություն ունենալու մեր ժողովրդի վաղեմի երազանքն ու սկիզբ դրվեց ժողովրդավարական և իրավական պետության հաստատման գործընթացին:

Հռչակագրում ամրագրված սկզբունքների հիման վրա հետագայում ընդունվեց նաև ՀՀ Սահմանադրությունը, որոնք միասնաբար մեր Հանրապետության հիմնադիր երկու փաստաթղթերն են:

Այսօր, նշելով հայ ժողովրդի համար հիրավի պատմական և կարևոր այս իրադարձությունը՝ մենք հիշում ենք նաև այն բազմադարյա պայքարի ուղին ու արհավիրքները, որոնցով անցել է հայ ժողովուրդը՝ միշտ վառ պահելով անկախ Հայաստան կերտելու բաղձանքը:

Ուստի այսօր բոլորիս պարտքն է ամուր պահել այս ձեռքբերումը՝ Հայաստանի անկախության հռչակագրում և ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված արժեքները՝ որպես ժողովրդավարության և իրավական պետության սկզբունքներ, ինչպես նաև փայփայել մեր երիտասարդ պետությունն ու պաշտպանել այն ցանկացած սպառնալիքներից ու վտանգներից:

 

Կեցցե՛ Հայաստանի անկախ Հանրապետությունը:

 

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

21 օգոստոսի 2019թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՆՈՐԻՆ ՍՈՒՐԲ ՕԾՈՒԹՅՈՒՆ
ՏԵՐ ՏԵՐ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻՆ

 

Վեհափա՛ռ Տեր,

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ Սրբությանը ծննդյան տարեդարձի առթիվ:

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, հաջողություն Ձեր հովվապետական գործունեության մեջ և կորով՝ հայ բազմադարյա առաքելական հավատքի պահպանման ու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հզորացման նվիրական գործում: Թող անսպառ լինեն նաև առ երկինք ուղղված Ձեր սրտաբուխ աղոթքներն` ի պաշտպանություն մեր Հայրենիքի ու սահմանների ամրության:

Լիահույս ենք, որ Տիրոջ օգնությամբ ու զորակցությամբ Ձեր հովվապետության հետագա տարիներին կշարունակեք հայրենանվեր գործունեությունը՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, համայն հայության ու բազմադարյան Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու:

 

Որդիական խոնարհությամբ մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Օծեալ Աջույն,

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

5 հուլիսի 2019թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

ՀՀ Սահմանադրական դատարանի անունից շնորհավորում եմ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ:

Սահմանադրությունը պետության ողնաշարն է, իրավական պետության հիմքերի հիմքը։ Պետության կայուն զարգացման, անվտանգության, պետական ինստիտուտների անխափանության պաշտպանն ու գլխավոր երաշխավորը Սահմանադրությունն է:

Ազգային պետություն ունենալու մեր ժողովրդի բաղձալի երազանքն ու հանուն դրա մղած պայքարի կենսագործումն անխզելիորեն փոխկապակցված են օրենքի գերակայության հաստատման հետ: Գերակայություն, որի տառի պահպանումը պարտադիր կլինի բոլորի և յուրաքանչյուրի համար, որը բարձրագույն արժեք կլինի ոչ միայն օրվա իշխանության, այլև յուրաքանչյուր քաղաքացու համար:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն այն միակ իրավական հենքն է, որից ածանցվում է ամբողջ հանրային իշխանության լեգիտիմությունը:

Իմ խորին համոզմամբ՝ ուժեղ, ժողովրդավար և զարգացող Հայաստան հնարավոր է կառուցել ոչ թե զգացմունքի, այլ բացառապես օրենքների և Սահմանադրության գերակայության պայմաններում: Վստահ եմ, որ պետք է առաջնորդվենք այս գաղափարով և միասին կառուցենք իշխանության տարանջատման սկզբունքի պահպանման և փոխադարձ հարգանքի հենքի վրա զարգացող պետություն:

Մեր ժողովուրդը վաստակել է սահմանադրականության իրավունքը, և այսօր` Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը, մենք արժանացել ենք միմյանց շնորհավորելու այս պատվին` ի փառս Հայաստանի Հանրապետության և ՀՀ Սահմանադրության։

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

28 մայիսի 2019թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Շնորհավորում եմ Ձեզ Հանրապետության տոնի առթիվ։ 101 տարի առաջ հայ ժողովուրդը տևական պայքարի և դժվարությունների հաղթահարման արդյունքում վերստին վաստակեց Անկախ պետականություն ունենալու իր արդար իրավունքը։ Առաջին հանրապետությունը, չնայած իր գոյության կարճ ժամանակահատվածին, ցույց տվեց հայ ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, ինչպես նաև դժվարին պայմաններում պետական ինստիտուտներ ստեղծելու և պետականության շուրջ համախմբվելու վճռականությունը։ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրումով մեծապես պայմանավորված է նաև ժամանակակից Հայաստանի Հանրապետության գոյությունը, որի հզորացումը՝ իբրև ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության բոլորիս սրբազան պարտքն ու առաքելությունն է։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ և մաղթում, որ անցյալի ձեռքբերումների, մեր ժողովրդի նվիրական պայքարի և փառապանծ հաղթանակների արդյունքում մեզ հասած նորօրյա Հայաստանի Հանրապետությունը հաղթահարի բոլոր փորձություններն ու դժվարությունները և լուսավոր ճանապարհ հարթի մեր զավակների և հետագա սերունդների համար։

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

9 մայիսի 2019թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:

Երկրորդ աշխարհամարտը ծանր քննություն և մարտահրավեր էր աշխարհի բազում ժողովուրդների, այդ թվում՝ հայ ժողովրդի համար, որն իր քաջությամբ և անձնվեր պայքարով անուրանալի ներդրում է ունեցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի կերտման գործում:

Միաժամանակ, 1992 թվականի մայիսի 9-ից հետո այս տարեթիվը մեր ժողովրդի համար ձեռք է բերել կրկնակի իմաստ: Շուշիի ազատագրումը և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորումը մեկ անգամ ևս վերահաստատեցին հայ ժողովրդի անկոտրում կամքը՝ պաշտպանելու իր անվտանգությունը, խաղաղությունը և հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Մաղթում եմ խաղաղ երկինք և ամենօրյա բարեբեր աշխատանք:

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

6 փետրվարի 2019թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հիմնադրման 23-րդ տարեդարձի առթիվ

Հարգելի հայրենակիցներ,

 

2019 թվականի փետրվարի 6-ին լրանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հիմնադրման 23-րդ տարեդարձը: Մեծ հպարտությամբ արձանագրում ենք, որ հիմնադրման օրից ի վեր դատարանն իր ամենօրյա գործունեությամբ նպաստել է Հայաստանում իրավական պետության կառուցմանը, իրավունքի գերակայության խթանմանը, ժողովրդավարության ամրապնդմանը ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը:

Համոզված ենք, որ Սահմանադրության գերակայությունն ապահովելու՝ ժամանակակից ժողովրդավարական և իրավական պետությունների համար առանցքային գործառույթի անշեղ կենսագործման համար, մի կողմից՝ Սահմանադրական դատարանի գործունեության հաջորդայնության երաշխավորումը, մյուս կողմից՝ իրավունքի նոր զարգացումների հաշվառումը, սկզբունքայնությունը և անաչառությունն առօրեական և ինքնին ենթադրվող իրողություններ դարձնելը կարող են էականորեն նպաստել Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրների լուծմանը և բարձրացնել պետությունում իրավական անվտանգության մակարդակը:

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

28 հունվարի 2019թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ

27 տարի առաջ այս օրը կազմավորվեց հայոց բանակը, որը դարձավ ուժի ու անվտանգության, խաղաղության ու կայունության խորհրդանիշ։ Ամեն տարի հունվարի 28-ին հպարտորեն բարձրաձայնում ենք հայկական բանակի ձեռքբերուների մասին, ակնածանքով և խոնարհումով հիշում մեր ժողովրդի հերոսական զավակներին, որոնք իրենց կյանքը նվիրաբերեցին մեր երկրի անկախության և ազատության համար մղված պայքարին։ Տոնական այս օրը շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, հայկական բանակի գեներալներին, սպաներին և զինվորներին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին և վետերաններին։ Շնորհակալ ենք նվիրումի ու խիզախության համար։

Մաղթում ենք, որ հայկական բանակն իր կայացվածությունը վերահաստատի ամեն օր, հետագա իր բոլոր հաջողությունները տոնի խաղաղության պայմաններում՝ անվտանգ գոյակցություն ապահովվելով մեր քաղաքացիների համար։

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

14 հունվարի 2019թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

 

Մեծարգո պարոն վարչապետ,

 

Շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր և պատասխանատու պաշտոնում վերանշանակվելու առթիվ:

Մաղթում ենք Ձեզ ամենայն բարիք և հաջողություններ հանրային մեծ վստահության իրականացման և մեր պետության առաջընթացի ապահովման ճանապարհին:

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

14 հունվարի 2019թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

 

Հարգարժան պարոն Միրզոյան,

 

Շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ:

Մաղթում ենք Ձեզ ամենայն բարիք և հաջողություններ:

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

28 դեկտեմբերի 2018թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Սիրելի հայրենակիցներ,

 

Ավարտին է մոտենում 2018 թվականը, որը մեր երկրի պատմության մեջ կմնա նաև որպես կառավարման խորհրդարանական համակարգի անցման սկիզբ։ Սա բավականին բարդ ու հիմնարար փոփոխություններով լի մի շրջան է, որ հաստատապես նորին է տանում ու տանելու. դեպի ավելի ժողովրդավար, փոփոխությունների հանդեպ ավելի բաց, ավելի թեթև ու ճկուն իրականություն, որտեղ դանդաղելը հեշտ գործ չի լինի։

 

Ամանորի նախօրեին ցանկանում եմ, որ նոր 2019 թվականը բոլորիս համար լինի զարգացման, առաջընթացի ու խաղաղության տարի:

 

Սիրելի հայրենակիցներ,

 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անվտանգ ու բարեկեցիկ ապագա և հուսով եմ, որ նոր տարին կլինի բարձր իրավագիտակցությամբ, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ու ժողովրդավարական արժեքների վրա խարսխված հասարակության տարի:

 

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

10 դեկտեմբերի 2018թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 

Մեծարգո պարոն Սահակյան,

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից թույլ տվեք շնորհավորել Ձեզ Արցախի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:

2006թ. Արցախի Հանրապետության հիմնական օրենքի` Սահմանադրության ընդունումը մեկ անգամ ևս վկայեց, որ Արցախի ժողովուրդը վճռական է՝ կառուցելու ժողովրդավարական սկզբունքների, համամարդկային ու ազգային արժեքների վրա հիմնված ազատ ու անկախ պետություն և քաղաքացիական հասարակություն:

Ցանկանում ենք ընդգծել, որ խիստ կարևորում ենք երկու հայկական հանրապետությունների միջև ձևավորված ջերմ հարաբերություններն ու արդյունավետ իրավական համագործակցությունը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ այս կարևորագույն պետական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք:

 

Հարգանքով՝

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

7 դեկտեմբերի 2018թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

 

Երեք տասնամյակ է անցել Սպիտակի զարհուրելի երկրաշարժի օրից։ Այդ ընթացքում ստիպված ենք եղել հաղթահարել բազում այլ մարտահրավերներ, ապրել դժվար ուրիշ օրեր, բայց, վստահ եմ, յուրաքանչյուրիս մտքում շատ վառ են մնացել 88-ի դաժան երկրաշարժի պատկերները։ Ցավոք, Հայաստանն ամբողջապես դեռ չի վերականգնվել այդ հարվածից։ Բայց դա, թերևս, անհնար էր նախ և առաջ այն պատճառով, որ արհավիրքին զոհ դարձած մեր սիրելիների բացակայությունն ամենօրյա ցավ ու կարոտ է ամենքիս համար։

Այսօր մենք ոգեկոչում ենք հենց նրանց հիշատակը։ Մարդկանց, ովքեր դարձան բնության կամայականությունների զոհ։ Մարդկանց, ովքեր կիսատ թողած գործեր ու երազանքներ ունեին։ Մարդկանց, ովքեր ասելիք ու անելիք ունեին մեր հայրենիքում: Մարդկանց, ովքեր մեր քույրերն ու եղբայրներն էին, զավակներն ու ծնողները։ Թող Աստված խաղաղություն պարգևի նրանց հոգիներին, իսկ մեզ՝ ուժ և կորով՝ մեր սիրելիների չարածը պատվով ավարտելու համար։

Հիշատակի այս օրը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից զորակցության խոսք եմ հղում Սպիտակի երկրաշարժի զոհերի հարազատներին ու մտերիմներին։ Համբերություն Ձեզ, սիրելի հայրենակիցներ, սփոփանք և խաղաղություն։

 

Աստված օրհնի Հայաստանը։

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

3 նոյեմբերի 2018թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ

Յուրի Վարդանյանի ընտանիքին

 

Մեծ վշտով տեղեկացանք անվանի հայ ծանրամարտիկ, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի մահվան մասին:

Այս դժվար պահին իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին և հարազատներին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից:

Յուրի Վարդանյանի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում:

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

2 հոկտեմբերի 2018թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

Խորին վշտով տեղեկացանք Շառլ Ազնավուրի՝ մեծ ֆրանսիացու և հայ ժողովրդի արժանավոր զավակի, Հայաստանի ազգային հերոսի մահվան մասին: Մեծ ցավ ենք ապրում այդ կորստի կապակցությամբ, կորուստ, որով ավարտվում է մի քանի սերունդների ոգեշնչման ու արվեստի մի ողջ դարաշրջան:

Այս դժվար պահին ցանկանում եմ իմ խորին ցավակցությունն ու զորակցությունը հայտնել նրա ընտանիքին և հարազատներին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից:

Շառլ Ազնավուրը հայ-ֆրանսիական բարեկամության գերագույն խորհրդանիշն էր, ով տասնյակ տարիներ իր անժխտելի նպաստն է բերել դրա ամրապնդմանը ինչպես իր արվեստով, այնպես էլ դիվանագիտական գործունեությամբ:

Խոնարհվում ենք նրա հիշատակի և ժառանգության առջև, որոնք հավերժ հետք են թողնում մեր պատմության մեջ և մեր սրտերում:

Վերստին անկեղծ կարեկցանքի խոսքեր եմ հայտնում հանգուցյալ երգահանի ընտանիքին ու հարազատներին և հղում խորին հարգանքներիս հավաստիքը:

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

Le 2 octobre, 2018

 

C’est avec une grande tristesse que nous avons appris le décès de Charles Aznavour, le grand Français et le grand fils du people Arménien, héros national de l’Arménie, survenu ce 1er octobre 2018. Notre douleur est grande devant cette perte qui marque la fin de toute une époque d’art et d’inspiration pour plusieurs generations.

En ces moments si difficiles, je m’associe à la peine de sa famille et ses proches et tiens à leur addresser mes condoléances les plus sincères au nom de la Cour Constitutionnelle de la République d’Arménie et en mon nom personnel. Charles Aznavour était le symbole par excellence de l’amitié franco-arménienne qui a indéniablement contribué à son renforcement tant par son art que son activité diplomatique pendant quelques dizaines d’années.

Nous nous inclinons devant sa mémoire et son heritage qui laisse une marque éternelle dans notre histoire et nos coeurs.

Je renouvelle mes vives condoléances et prie la famille et les proches du chansonnier d’agréer l’expression de mes sentiments les plus sincères.

 

HRAYR TOVMASYAN

PRESIDENT DE LA COUR CONSTITUTIONNELLE DE LA REPUBLIQUE D'ARMENIE

 

21 սեպտեմբերի 2018թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը Հայաստանի Անկախության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ:

27 տարի առաջ՝ այս օրը, հայ ժողովուրդն ընտրություն կատարեց հօգուտ անկախ հայկական պետականության, հօգուտ ժողովրդավարության և քաղաքական ազատությունների: Հայաստանի Հանրապետությունը համայն հայության դարավոր երազանք է և այն ամուր հիմքն է, որն ապահովելու է մեր ազգային պետականության անկասելի և անխափան զարգացումը:

Մենք շարունակում ենք առաջ ընթանալ մարդու հիմնարար ազատությունների և սահմանադրական իրավունքների երաշխավորման, իրավունքի գերակայության ապահովման և քաղաքացիական հասարակության ուժեղացման ուղղիով:

Մաղթում եմ բոլորիս խաղաղ աշխատանք՝ ի բարօրություն մեր ընտանիքների և մեր պետականության:

 

Շնորհավոր Անկախության տոնը:

 

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

2 սեպտեմբերի 2018թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին Արցախի Հանրապետության անկախության 27-ամյակի առթիվ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Սահակյան,

 

Շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության անկախության 27-ամյակի առթիվ:

1991 թվականի սեպտեմբերի 2-ը հայոց նորագույն պատմության կարևորագույն էջերից է, երբ արցախահայությունը հռչակեց իր անկախ պետականությունը:

Անցած քսանյոթ տարիների ընթացքում Արցախը կայացավ որպես ազատ, ինքնիշխան, իրավական ու ժողովրդավարական պետություն, որտեղ հարգվում են մարդու իրավունքներն և հիմնարար ազատությունները, իսկ իրավունքի գերակայությունը հռչակված է որպես հասարակական և սահմանադրաիրավական հարաբերությունների հենասյուն։

Անցած տասնամյակների ընթացքում Դուք ապացուցեցիք ինքներդ Ձեզ և ողջ հայությանը, որ ազատ Արցախը ոչ միայն կենսունակ պետություն է, այլև ունի բազմակողմանի զարգացման մեծ ներուժ:

 

Այս փառավոր օրը մենք կրկին գլուխ ենք խոնարհում Արցախի ազատության համար ընկածների հիշատակի առջև:

 

Կեցցե՛ ազատ ու անկախ Արցախը:

 

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը։

 

Հարգանքով,

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

21 օգոստոսի 2018թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդին

ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՆՈՐԻՆ ՍՈՒՐԲ ՕԾՈՒԹՅՈՒՆ
ՏԵՐ ՏԵՐ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻՆ

 

Վեհափա՛ռ Տեր,

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից թույլ տվեք ջերմորեն շնորհավորել Ձերդ Սրբությանը ծննդյան տարեդարձի առթիվ:

Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, արգասավոր գործունեություն և անսպառ եռանդ՝ առավել հզորացնելու մեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ձեր հովվապետական գործունեությամբ և առ երկինք ուղղված Ձեր սրտաբուխ աղոթքներով:

Օգտվելով առիթից ևս մեկ անգամ ցանկանում եմ Ձեզ ուղղել իմ ջերմագին շնորհավորանքներն ու մաղթանքները: Աստված պահապան Ձեզ, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը, համայն հայությանն ու բազմադարյա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

 

Հարգանքով,

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 

5 հուլիսի 2018թ. | Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը Սահմանադրության և պետական խորհրդանիշերի օրվա առթիվ

Հարգելի հայրենակիցներ,

 

Թույլ տվեք իմ և ՀՀ սահմանադրական դատարանի անունից շնորհավորել ձեզ Սահմանադրության և պետական խորհրդանիշերի օրվա առթիվ:

Այսօր բոլորս ականատեսն ենք նրա, թե ինչպես են հետևողականորեն իրացվում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական արժեքները` ճանապարհ հարթելով դեպի իրավունքի գերակայության վրա հիմնված իրավական պետության ամրապնդում:

Վստահ եմ, որ այլևս մարդու արժանապատվությունը, մարդու և քաղաքացու իրավունքները և հիմնարար ազատությունները սոսկ գեղեցիկ արտահայտություններ չեն, այլ ապրող իրողություն:

Հարգելի հայրենակիցներ, ուրախ եմ տեսնել նաև, թե ինչպես են վերաիմաստավորվում, նոր ժողովրդավարական բովանդակություն ստանում ՀՀ պետական խորհրդանիշերը` եռագույն դրոշը, զինանշանը և օրհներգը, որոնք արդեն առավել քան մեկ դար խորհրդանշում են Հայոց անկախ պետականությունը՝ մարմնավորելով մեր երկիրը և ողջ հայ ժողովրդին:

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

 



[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ աշխատակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային համագործակցություն] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [Աշխատանք ՍԴ-ում] [Գնումներ] [Բյուջե] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]