Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

Միջազգային համագործակցություն

1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018

Conference of Constitutional Control Organs of the States of New Democracy

Co-operation Agreement
between the Conference of the Constitutional Control Organs of the Countries of Young Democracy and

the European Commission for Democracy through Law of the Council of Europe (Venice Commission)

Venice Commission

Venice Commission

Member states
Individual members
CODICES Database
VOTA database
Publications
Links

 

2018 թվականին՝

3 նոյեմբերի 2018թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՄՈՆՂՈԼԻԱՅԻ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ

«Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովի շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հանդիպում ունեցավ աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մոնղոլիայի սահմանադրական դատարանի նախագահ Օդբայար Դորժի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ փոխանակեցին սահմանադրական արդարադատության ոլորտում միջազգային երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձան երկու երկրների ժողովրդավարական համակարգերի ամրապնդման գործում սահմանադրական դատարանների դերակատարմանը։

Մոնղոլական կողմի խնդրանքով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանում սահմանադրական դատարանի գործառույթները և աշխատանքային մեթոդաբանությունը։ Երկուստեք կարևորվեց հետագա երկխոսության և գործակցության ամրապնդումը:

ՍԴ մամուլի քարտուղար

Լուսանկարներ 1 | 2 | 3

3 նոյեմբերի 2018թ.

ԱՅՑ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

«Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովի շրջանակում նոյեմբերի 2-ին օտարերկրյա բարձրաստիճան հյուրերն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ ու հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան տվյալ ժամանակահատվածի պատմությանն ու ցուցանմուշներին:

ՍԴ մամուլի քարտուղար

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5

1 նոյեմբերի 2018թ.

«Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հանդիպումը ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Քննարկվել են ՀՀ սահմանադրական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման և խորացման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններին առնչվող մի շարք հարցեր: Կողմերը կարևորել են Հայաստանում ընթացող գործընթացների սահմանադրությամբ սահմանված ընթացակարգերով ընթանալը:

Պարոն Թովմասյանը շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովին իրավական բարեփոխումների և հատկապես Սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակման ընթացքում Վենետիկի Հանձնաժողովի ցուցաբերած աջակցության համար: Պարոն Բուքիքիոն անդրադառնալով ՀՀ Սահմանադրությանը նշել է, որ այն Եվրոպական տարածաշրջանում լավագույններից մեկն է: Կողմերն ընդգծել են համագործակցության կարևորությունը և հույս հայտնել, որ ՀՀ սահմանադրական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի միջև ձևավորված բարիդրացիական ավանդույթները հետագայում էլ ավելի կխորացվեն:

Պարոն Թովմասյանն ընդգծել է Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ, ամենամյա կոնֆերանսներ կազմակերպելու հարցում իր պատրաստակամությունը: Պարոն Բուքիքիոն ընդգծել է, որ Վենետիկի հանձնաժողովը մշտապես պատրաստակամ է լինելու Հայաստանում տեղի ունեցած զարգացումների հարցում իրավական աջակցություն ցուցաբերելու:

 

1 նոյեմբերի 2018թ.

ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՓՆՏՐԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

«Չնայած այն հանգամանքին, որ սահմանադրականությունը` որպես ժամանակակից իրավական պետության նյութականացում` վաղուց արդեն արմատավորվել է զարգացած ժողովրդավարական իրավական պետություններում և արմատավորվում է ժողովրդավարության և իրավական պետության կայացման ուղին բռնած երկրներում, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում, այդուհանդերձ, սահմանադրականության արմատավորման գերխնդիրը մնում է առավել քան արդիական»,-իր ելույթում ասաց Սահմանադրական դատարանի նախագահը «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովին: Հրայր Թովմասյանը, կարևորելով հայաստանյան և օտարերկրյա գործընկերների միջև գիտական և գործնական փոխանակման մասնագիտական նմանատիպ հարթակների առկայությունը, նշեց, որ ակնկալում է բաց և անկեղծ քննարկումներ, որոնք վեր կհանեն ինչպես տարբեր երկրներում առկա մարտահրավերները, այնպես էլ կուրվագծեն դրանց դիմակայելու հնարավոր ուղղությունները:

Պրն. Թովմասյանի գնահատմամբ, սահմանադրականությունը, նախևառաջ, սահմանադրության արժեհամակարգի կենսագործումն է, որի համար անհրաժեշտ է պատշաճ իրավական քաղաքական մշակույթի առկայություն, սահմանադրական հիմնարար արժեքների լայն հասարակական համաձայնություն, իրավունքի հետևողական կիրառման մշակույթ, պետության, հանրային իշխանության և ժողովրդի հանդեպ իրավունքի գերակայության ապահովման գործուն ընթացակարգեր և կենսունակ պետական ինստիտուտներ ու քաղաքացիական հասարակության հաստատություններ, հանրային հրամայական, պահանջ` անվերապահորեն կատարելու Սահմանադրության պատվիրանները: Անդրադառնալով խորհրդաժողովի խորագրին՝ ՍԴ նախագահը նշեց, որ նոր հազարամյակում սահմանադրականությանը մարտահրավերներ են նետում, այսպես կոչված, կեղծ սահմանադրականությունը կամ սահմանադրականության իմիտացիան: Այն ոչ պակաս վտանգավոր է քան սահմանադրականության բացակայությունն ընդհանրապես: Ուստի, ցանկացած պետությունում, ցանկացած իրավական ու քաղաքական հարցի լուծումը պետք է փնտրել սահմանադրության մեջ, այլ ճանապարհը հղի է իրավական անորոշությամբ իր բոլոր հնարավոր հետևանքներով:

Հիշեցնեմ, Սահմանադրական դատարանում «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովը շարունակվում է: Այն կտևի երկու օր՝ նոյեմբերի 1-2-ը: Նպատակն է վեր հանել 21-րդ դարում սահմանադրականության ապահովման հարցում առկա մարտահրավերներն ու քննարկել սահմանադրականության ապահովման մեխանիզմները: Քննարկվող թեմաներն են՝ արդարադատության և սահմանադրության արդի մարտահրավերներ, մասնավորապես, արդյունավետ արդարադատության մշտադիտարկում, ճգնաժամային իրավիճակներում դատական իշխանության անկախության ապահովում, իրավունքի գերակայության միջոցով ժողովրդավարության հետագա ամրապնդում և այլն: Խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում են օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր: Նրանց թվում են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահը, Մոնղոլիայի ՍԴ նախագահը, Բոսնիա և Հերցեգովինայի ՍԴ փոխնախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձիք, իրավաբան գիտնականներ: Վաղը խորհրդաժողովը կսկսվի ժամը 9:00-ին, չորրորդ լիագումար նիստը կվարի Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ դատարանի նախագահ Իվանա Հրդլիչկովան:

ՍԴ մամուլի քարտուղար

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4

30 օգոստոսի 2018թ.

ՍԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱՍՏԱՆԱ

Օգոստոսի 27-30-ը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հ. Թովմասյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց կատարեց Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանա, որի ընթացքում մասնակցեց Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ կազմակերպված «Սահմանադրություն. իրավունքի գերակայության, քաղաքացիական հասարակության և ժամանակակից պետության արժեքների մարմնավորում» խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքներին:

Խորհրդաժողովին մասնակցում էին երեք տասնյակից ավել երկրների սահմանադրական դատարանների և սահմանադրական վերահսկողություն իրականացնող այլ մարմինների պատվիրակություններ, ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ՄԻԵԴ-ի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Օգոստոսի 28-ին տեղի ունեցավ «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի» անդամ դատարանների հերթական նիստը, որի շրջանակներում քննարկվեցին Կազմակերպության գործունեությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր, մասնավորապես, որոշվեց «Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի» հինգերորդ կոնգրեսին Կազմակերպության մասնակցության ձևաչափը, ներկայացվեց Կազմակերպության նոր էլեկտրոնային կայքը, քննարկվեց Կազմակերպության կանոնադրության և դրոշի ընդունման հարցը, ինչպես նաև որոշում կայացվեց տարեկան երկու անգամ էլեկտրոնային ձևաչափով տպագրել «Սահմանադրական արդարադատություն» պարբերականը:

Օգոստոսի 29-ին միջազգային խորհրդաժողովին մասնակցած պատվիրակությունների ղեկավարներին, այդ թվում՝ ՀՀ սահմանադրական դատարանի պատվիրակության ղեկավար Հ. Թովմասյանին ընդունեց Ղազախստանի Հանրապետության նախագահ պրն Նուրսուլթան Նազարբաևը:

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4

18 հունիսի 2018թ.

«ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Ս.թ. հունիսի 12-14-ը Պրահայում տեղի է ունեցել «Եվրոպական սահմանադրական դատարանների խորհրդաժողով» կազմակերպության կողմից հրավիրվող առաջիկա Կոնգրեսի նախապատրաստական նիստը, որի ընթացքում հյուրընկալող կողմը՝ Չեխիայի Հանրապետության սահմանադրական դատարանը, պաշտոնապես ստանձնել է վերոնշյալ համաեվրոպական կազմակերպության նախագահությունը՝ մինչև 2021 թվականը: Նախապատրաստական նիստին մասնակացում էին եվրոպական 35 պետությունների սահմանադրական արդարադատություն իրականացնող կառույցների պատվիրակություններ: ՀՀ սահմանադրական դատարանի պատվիրակությունը ղեկավարում էր ՍԴ դատավոր տիկին Արևիկ Պետրոսյանը:

Նախապատրաստական նիստի ընթացքում քննարկվեց Եվրոպայում սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինների միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նիստի մասնակիցները կարևորեցին իրավական ոլորտում երկխոսության ընդլայնման հեռանկարները։ Աշխատանքային նիստի ավարտին մասնակիցներն ընդունեցին մի շարք որոշումներ, մասնավորապես, հաստատվեց, որ «Եվրոպական սահմանադրական դատարանների խորհրդաժողով» կազմակերպության անդամ դատարանների ղեկավարների 2020թ. կայանալիք գագաթնաժողովը տեղի կունենա Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում՝ մայիսի 26-28-ը և կկրի «Մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները. միջազգային, անդրազգային և ազգային հաստատությունների փոխհարաբերությունները 21-րդ դարում» խորագիրը:

Միաժամանակ, ս.թ. հունիսի 14-ին Պրահայում կայացած «Եվրոպական սահմանադրական դատարանների խորհրդաժողով» կազմակերպության Կոնգրեսի նախապատրաստական նիստի շրջանակներում տեղի ունեցավ բարձր մակարդակի միջազգային խորհրդաժողով` նվիրված Չեխիայի Հանրապետության սահմանադրական դատարանի հիմնադրման 25-րդ տարեդարձին: Հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր տիկին Արևիկ Պետրոսյանը հանդես եկավ թեմատիկ զեկույցով: Խորհրդաժողովին իրենց զեկույցները ներկայացրին Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Սլովենիայի, Մոլդովայի ՍԴ նախագահները, իսկ վերջում միջազգային խորհրդաժողովի աշխատանքներն ամփոփեց Չեխիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ պարոն Պավել Ռիխետսկին:

Հարկ է նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանը 2000 թվականից «Եվրոպական սահմանադրական դատարանների խորհրդաժողով» կազմակերպության լիիրավ անդամ է:

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5

16 մայիսի 2018թ.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Ս.թ. մայիսի 16-ին Սանկտ Պետերբուրգյան ութերորդ իրավաբանական ֆորումի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի «Պոմպեյան» դահլիճում անցկացվեց «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի» անդամ դատարանների հերթական նիստը, որին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Մոնղոլիայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության սահմանադրական դատարանների, Ղազախստանի Հանրապետության սահմանադրական խորհրդի և Ղրղզստանի Հանրապետության գերագույն դատարանի սահմանադրական պալատի պատվիրակությունները:

Աշխատանքային նիստի օրակարգում ընդգրկված էին Խորհրդաժողովի հետագա աշխատանքների համակարգմանը, այլ միջազգային կառույցների հետ համագործակցությանը և 2020թ. Ալժիրում կայանալիք «Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի» կոնգրեսին մասնակցությանն առնչվող հիմնահարցերը:

Նիստի ընթացքում հաստատվեց կազմակերպության նոր պաշտոնական խորհրդանիշը՝ Սանմանադրությունը կրող Թեմիսը՝ հասկերով շրջանակված արևի ճառագայթների լույսի ներքո: Հանդիպման մասնակիցները որոշում ընդունեցին Խորհրդաժողովի հաջորդ նիստը գումարել 2018թ. օգոստոսին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվելիք միջազգային խորհրդաժողովի շրջանակներում: Հիշեցնենք, որ «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովում» 2017թ. սեպտեմբերից նախագահությունը ստանձնել է Ղազախստանի Հանրապետության սահմանադրական խորհուրդը:

15 մայիսի 2018թ.

ՍԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՍԱՆԿՏՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ

Ս.թ. մայիսի 15-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկեցին ՈՒԹԵՐՈՐԴ ՍԱՆԿՏՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ աշխատանքները, որի շրջանակներում մայիսի 15-ին Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի կողմից հրավիրվել է «Սահմանադրությունը գլոբալ փոփոխությունների դարաշրջանում և սահմանադրական վերահսկողության խնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության ընդունման 25-րդ տարեդարձին: Գիտաժողովին մասնակցում են չորս տասնյակից ավել երկրների սահմանադրական դատարանների և իրավազոր հաստատությունների պատվիրակություններ, ՄԱԿ-ի, Եվրոպայի Խորհրդի, ՄԻԵԴ-ի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գիտաժողովին ՀՀ սահմանադրական դատարանի պատվիրակությունը ներկայացնում է ՍԴ դատավոր Ա. Թունյանը և ՍԴ աշխատակազմի ղեկավար Վ. Վարդանյանը:

Մայիսի 16-ին կայանալու է նաև «Նոր ժողովրդավարությունների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանսի» նիստը, որում քննարկվելու են տվյալ միջազգային կազմակերպության գործունեության ամրապնդման և հետագա զարգազման հիմնական ուղիներն ու հեռանկարները:

14 փետրվարի 2018թ.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 7-9-ը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը, Չեխիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ պարոն Պավել Ռիխետսկիի հրավերով, աշխատանքային այց կատարեց Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահա։

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի ղեկավարած պատվիրակությունը հանդիպում-քննարկումներ ունեցավ Չեխիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ պարոն Պավել Ռիխետսկիի, Չեխիայի Հանրապետության ՍԴ փոխնախագահ տիկին Միլադա Տոմկովայի և Չեխիայի Հանրապետության ՍԴ անդամ պարոն Յիրժի Զեմանեկի հետ։

Հանդիպման ընթացքում «Սահմանադրությունների կայունություն և սահմանադրական փոփոխություններ» թեմայի շուրջ կարծիքներ փոխանակվեցին, ինչպես նաև անդրադարձ կատարվեց երկու երկրների կայուն ժողովրդավարական համակարգերի ամրապնդման գործում սահմանադրական դատարանների դերակատարմանը։

Չեխական կողմի խնդրանքով ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը հանգամանորեն ներկայացրեց սահմանադրաիրավական բարեփոխումների ընթացքը Հայաստանի Հանրապետությունում։

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ ՍԴ անդամներ պարոն Վլադիմիր Հովհաննիսյանը և տիկին Արևիկ Պետրոսյանը։

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՍԴ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև Չեխիայի Հանրապետության Սենատում: Մասնավորապես, Սենատի փոխնախագահ պարոն Իվո Բառեկի հետ քննարկվեցին երկու երկրների իրավական փոխգործակցությանը և դրա խորացման ուղղությամբ Հայաստանի և Չեխիայի սահմանադրական դատարանների դերակատարմանն առնչվող հարցեր։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

Flag Counter

[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ աշխատակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային համագործակցություն] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [Աշխատանք ՍԴ-ում] [Գնումներ] [Բյուջե] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]